հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. ամփոփվեց «Ապագա հայկականը» համաժողովի առաջին օրը

Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է. ամփոփվեց «Ապագա հայկականը» համաժողովի առաջին օրը

«Ապագա հայկականը»  առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 93.7 տոկոսը, կարծում է, որ Արցախի հիմնախնդիրը 10 մլն հայության խնդիրն է: Այս մասին համաժողովի առաջին օրվա քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց հաշվիչ հանձնաժողովի նախագահ ամերիկահայ  Արիկ Գևորգյանն, ընդգծելով, որ ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար ստանձնի Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների, առավելևս՝ արցախցիների ուսերին: Հայ ազգը չպետք է վախենա հաղթանակներից:

Արիկ Գևորգյանը նշեց նաև, որ մասնակիցների 31 տոկոսը քվեարկել է այն տեսակետի օգտին, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը մինչև օրս պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների  և անհատների կողմից արդյունավետ են եղել, սակայն այսօր համահայկական ջանքերն ավելի շատ պետք է ուղղել անվտանգային խնդիրների լուծմանը: Եվս 31 տոկոսը գտնում է, որ դրանք ոչ այնքան արդյունավետ են եղել և անհրաժեշտ են շտկումներ:

«Իսկ մասնակիցների  62 տոկոսը քվեարկել է այն կարծիքի օգտին, որ մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելը և հաջորդ սերունդների փոխանցելը մեր պարտքն է, ինչի համար թե՛ պետությունը, թե՛ աշխարհասփյուռ հայությունը պետք է այնքան ռեսուրս ծախսեն, որքան անհրաժեշտ է, և արդյունավետորեն անեն այդ գործը»,- ասաց նա:

Արիկ Գևորգյանը ամփոփելով համաժողովի առաջին օրվա արդյունքներն՝ ընդգծեց, որ քննարկումների ընթացքում ամենամեծ մտահոգությունը Արցախի հարցն է:

«Այն իմ, քո, ձեր և մեր մտահոգությունն է, յուրաքանչյուր հայի մտահոգությունն է, Արցախը մեր մի մասնիկն է: Հաջորդ հարցը Հայաստանի հետ ոչ տուրիստական, այլ կենսական կապի ամրապնդումն է: Քննարկվում է այն հարցը, որ Սփյուռքին չնայենք այն աչքով, որ  30 տարի աջակցություն է ցուցաբերել, իսկ  մեր հայրենիքին էլ «մուրացկան» չմեծացնենք, այլ այնպես անենք, որ Սփյուռքը Հայաստանի զարգացման հարցում դերակատար լինի և՛ դրամով, և գիտելիքներով, և՛ ռեսուրսներով, ու դրանով էլ իրեն զգա հայրենիքի մի մասնիկը, քանի որ Հայաստանը իմը, քոնը և նրանը չէ՝ այլ մերն է»,- եզրափակեց Գևորգյանը:

  • Կիսվել: