երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ  Բալայան

Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ Բալայան

Երբ նայում ենք մեր ժողովրդի պատմությանը, կարելի է ասել, որ դա հաղթանակների ու պարտությունների մի շղթա է. ցավոք սրտի, արցախյան ազգային ազատագրական պայքարը եւս այդպիսի ընթացք ունեցավ: Այս մասին այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։

«Բազմաթիվ գործոնների ազդեցության տակ մենք չկարողացանք մեր ունեցածը պահել, պաշտպանել: Ընդհանուր առմամբ, պատմությունը ոչ միայն դաս է, այլեւ պատիժ բոլոր նրանց համար, որոնք պատմության դասերը հաշվի չեն առնում: Ցավոք սրտի, մենք մեր անցած դասերը հաշվի չառանք, չկարողացանք պահպանել մեր պետականությունը:

Արցախի, մեր պատմության էջը դեռ փակված չէ, ամեն սերունդ իր ներդրումը պետք է ունենա երկրի, պետականության պահպանման համար։ Ճիշտ է՝ այսօր մենք հուսախաբված, կոտրված վիճակում ենք, բայց պետք է եղած հնարավորություններն օգտագործել և հզորացնել Հայաստանը, այդ ամենի համատեքստում էլ փորձել հետագա մեր պյքարը շարունակել, մեր պատմական հայրենիքի մի հատվածը ազատագրել»,-ասաց նա:

Ըստ Արցախի ԱԺ փոխնախագահի՝ Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. «Մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա։ Այստեղ կարևոր է նկատենք, որ մենք որևէ երկրի, ժողովուրդների տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել: Մենք խորհրդային ժամանակաշրջանում ունեցել ենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, և այն որոշակի կարգավիճակ է ունցել Խորհրդային Միության կազմում, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է ունեցել: Ավելին ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ունեցել է նաև Սահմանադրություն, որտեղ գրված է, որ պաշտոնական, պետական լեզուն հայերենն է: Իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չկա, այսօր խոսել, որ պետք է Ադրբեջանի տարածքում լինի ինքնորոշում, այդպիսի բան չկա, դա անընդունելի է»,- նշեց Բալայանը։

Նշենք, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ ներկայացուցչությունում նիստ է գումարել:

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արցախյան շարժման 36-ամյակը:

  • Կիսվել: