շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախի հանրային ռադիոն շարունակում է աշխատել գերհագեցած ծավալով. փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Արցախի հանրային ռադիոն շարունակում է աշխատել գերհագեցած ծավալով. փետրվարի 13-ը Ռադիոյի համաշխարհային օրն է

Ադրբեջանի կողմից երկամսյա շրջափակման ընթացքում Արցախի հանրային ռադիոն շարունակում է աշխատել  գերհագեցած ծավալով, պատրաստ լուսաբանելու ամենահրատապ թեմաները:

Ռադիոյի համաշխարհային օրվա առթիվ  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշել է Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանը:

«Հանրային ռադիոն, ինչպես և Արցախում գործող բոլոր լրատվամիջոցները, դեկտեմբերի 12-ին փոխել է իր ծրագրերը. հիմա մեր թեման շրջափակումն է, այս պայմաններում ապրող մարդիկ, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները։ Փորձում ենք ներկայացնել իրականությունն ինչպես որ կա, բայց, միևնույն ժամանակ, հուսադրել մեր ռադիոունկնդիրներին։ Ներկայացնում ենք մարդկանց հերոսական պատմություններ, շրջափակման  պատճառով բաժանված ընտանիքների ապրումները, խոսում անցյալի դժվարություններից, որ կարողացել ենք հաղթահարել»,-մանրամասնել է Տ. Խաչատրյանը։

Ըստ հանրային ռադիոյի  տնօրենի՝ շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները փորձում  են համատեղ ուժերով լուծել, աշխատում  իրար օգնելով` ռադիոունկնդրին գոհացնելու համար:

«Արցախի հանրային ռադիոն ունի 24-ժամյա եթեր: Ռադիոլսողներին, առավոտյան 08:30-ից սկսած, ամեն ժամագլխի մատուցում  ենք լուրեր՝ հինգ րոպե, այնուհետև  ժամը 13:00-ին՝ 15 րոպե տևողությամբ, իսկ  ժամը 17:00-ին՝ լուրեր ռուսերենով: Մեր հիմնական թողարկումը երեկոյան ժամը 18:00-ին է՝ կես ժամ տևողությամբ, որի ընթացքում արդեն ներկայացնում ենք ռեպորտաժներ, ինչպես նաև բարձրաճաշակ երաժշտություն առաջարկում մեր ռադիոունկնդիրներին»,-ընդհանրացրել է Տ. Խաչատրյանը։

  • Կիսվել: