ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի հանրապետություն մուտք ու ելքը կարող է էլ ավելի խստացվել

Արցախի հանրապետություն մուտք ու ելքը կարող է էլ ավելի խստացվել

Արցախի հանրապետություն մուտք ու ելքը կարող է էլ ավելի խստացվել, սակայն սահմանը ընդհանրապես փակելու մասին խոսք լինել չի կարող, քանզի բեռնափոխադրումները և խիստ անհրաժեշտությամբ պայմանավորված քաղաքացիների տեղաշարժը արգելել չի կարելի: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ քննարկվել են տարբեր միջոցառումներ սահմանի մուտք ու ելքը խստացնելու վերաբերյալ` ընդհուպ մինչև էքսպրես լաբորատորիաների տեղադրում բոլոր Արցախ մտնող քաղաքացիներին թեստավորելու համար: Սակայն, ըստ նախագահի, մասնագետները գտնում են, որ դրա էֆեկտիվությունը առանձնապես մեծ չի լինի. «Մինչդեռ ես այդ տարբերակի կողմնակիցն եմ»,- նշեց նախագահը` հավելելով, որ նույնիսկ մուտք ու ելքի խստացման պայմաններում սահմանը օրական հատում է շուրջ 500 քաղաքացի:    

Հարությունյանը նաև հավելեց, որ մինչ այժմ Արցախոում հաջողվել է խուսափել համավարակի բռնկումներից, ինչը պարետատան էֆեկտիվ աշխատանքի արդյունքն է, իսկ այ ծանր դեպքերի և մահերի բացակայությունը, ըստ նախագահի, արդեն պատահականության հետևանք է. «Բարեբախտաբար մեր հիվանդները մինչ այժմ չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ»:

Նա նշեց, որ հիվանդության կանխարգելման միջոցառումների էֆեկտիվությունը բարձրացնելու համար հասարակության շրջանում կիրականացվի տեղեկատվական աշխատանք` կբաժանվեն տեղեկատվական թերթիկներ: Դրա համար կհավաքագրվեն կամավորներ, որոնք այդ թերթիկների բաժանման ընթացքում պետք է խստագույնս պահպանեն սանիտարական կանոնները:

Հարությունյանը շեշտեց, որ իշխանությունների նպատակը տույժեր և տուգանքները չեն, այլ հանրային գիտակցության բարձրացումը: «Սա շատ ավելի հեշտ պայքար է, քան բոլոր այն մարտահրավերները, որոնց հետ մենք բախվել ենք նախկինում: Ընդամենը պետք է պահպանել  կանոնները և մենք կհաղթահարենք այս մարտահրավերը, ինչպես հաղթահարել ենք նախկինում եղած ավելի բարդ մարտահրավերներ»,- եզրափակեց նախագահը:

  • Կիսվել: