Հավաքականը պատրաստվում է Աբխազիայի հետ ընտրական խաղին․ Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ
Ֆուտբոլի Արցախի հավաքականը պատրաստվում է Աբխազիայի դեմ ընտրական հանդիպմանը: Խնդիրը միայն Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումն է, բայց հավատում ենք, որ մինչեւ այդ կբացվի:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:
Ֆուտբոլի Արցախի հավաքականը պետք է ընտրական հանդիպում անցկացնի Աբխազիայի հավաքականի հետ։ Անկախ ֆուտբոլային ֆեդերացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական հանդիպումը նախատեսված է հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում:
«Չնայած ներկայիս վիճակին, փակ ճանապարհին, մեր հավաքականը պատրաստվում է ConIFA-ի՝ Ախբազիայի հավաքականի հետ հանդիպմանը: Կազմակերպել եւ անցկացնում ենք հավաք, մարզումներ, ամեն ինչ արվում է բարձր մակարդակով: Միակ խոչընդոտն այս բլոկադան է: Սպասում ենք, որ Աստծո հաջողությունով ինչ-որ դրական քաղաքական որոշում կլինի եւ կշարժվենք առաջ:
Հավաքականը նախապատրաստական փուլի մեջ է: Այսօր ավարտվում է առաջին հավաքը: Երկկողմանի խաղով է ավարտվում առաջին փուլը եւ այժմ նստած հետեւում ենք խաղին: Երկրորդ հավաքը նախատեսված է Աբխազիա մեկնելուց առաջ։ Այդ հավաքով արդեն նպատակային կպատրաստվենք այդ խաղին:
Նախատեսում ենք մեկնել, մենք պատրաստվում ենք: Եթե այս իրավիճակը շարունակական բնույթ կրի, եւ մենք չկարողանանք դուրս գալ, ուրեմն չենք մասնակցի, ինչը լուրջ խնդիր է ֆուտբոլի համար, որովհետեւ սպորտը քաղաքականության մեջ չի:
Արցախի հավաքականը 28 արցախցի ֆուտբոլիստներից կազմված թիմ է: Հավաքին մասնակցում են բոլորը: Օրական երկու անգամ մարզումներ են անում: Ըստ մարզչական խմբի ներկայացրած ծրագրի պատրաստվում են Սուխումիում անցկացվելիք խաղին: Ոչ մի խնդիր չունենք, տեխնիկական, ֆինանսական բոլոր հարցերը լուծված են, միայն սպասում ենք, որ ճանապարհը բացվի:
Ամեն ինչով ապահովված ենք, հավաքականը ոչնչի պակաս չունի, մարզական գույքով, սնունդով, ամեն ինչով ապահովված ենք: Քանի որ խոսքը հավաքականի մասին է, ամեն ինչի պատրաստք ենք թիմով, մարզչական եւ ղեկավար կազմով, ինչ էլ լինի, թեկուզ սնունդ էլ չունենանք, մենք պատրաստվելու ենք այդ խաղին:
Եթե այս իրավիճակը չլիներ, Աբխազիայի հետ կխաղայինք այստեղ, մեզ մոտ: Իրավիճակով պայմանավորված ConIFA-ի կողմից որոշում է եղել խաղն անցկացնել Աբխազիայում:
Ամեն ինչ նորմալ է, միակ խնդիրը մեր այս շրջափակված վիճակն է: Հավատում եմ մեր ղեկավարությանը, որ այս ազգի համար ամեն ինչ պետք է անեն»,- ասել է Մհեր Ավանեսյանը:
Չճանաչված պետությունների աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի 2024-ին Քուրդիստանում (Հյուսիսային Իրաք)։