հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի ՖՖ փոխնախագահ․ Չենք կարող մասնակցել Աբխազիայի դեմ խաղին հուլիսի 10-ին

Արցախի ՖՖ փոխնախագահ․ Չենք կարող մասնակցել Աբխազիայի դեմ խաղին հուլիսի 10-ին

Արցախի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ պաշտոնական գրությամբ չի տեղեկացվել հուլիսի 10-ի խաղի հետաձգվելու մասին: Նամակով դիմել ենք ConIFA-ին եւ Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ տեղեկացնելով, որ հայտնի պատճառով չենք կարողանում մասնակցել խաղին նշանակված օրը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արցախից ասաց Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Մհեր Ավանեսյանը:

Հուլիսի 2-ին Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Արցախի հավաքականի և Աբխազիայի միջեւ հանդիպումը հետաձգվելու մասին: Արցախի ֆեդերացիայի փոխնախագահը տարածած հաղորդագրությանը դեռ պաշտոնական որակում չի տալիս, քանի որ Արցախի ֆեդերացիան ConIFA-ից խաղը հետաձգելու մասին պաշտոնական գրություն չի ստացել:

«Արցախի ֆեդերացիան մի քանի օր առաջ Աբխազիայի ֆեդերացիայի նախագահին եւ ConIFA-ին դիմել է նամակով, որ հայտնի պատճառներով չենք կարող մասնակցել D խմբի Աբխազիա - Արցախ հանդիպմանը նշանակված օրը: Նաեւ Աբխազիայի ֆեդերացիայի նախագահին խնդրել ենք չնախապատրաստվել խաղին եւ պարզաբանել ենք իրավիճակը:

Աբխազիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարությունը դեռ չենք կարող պաշտոնական համարել, քանի որ դեռ չենք ստացել ConIFA-ի պաշտոնական պատասխանն ուղղված Արցախի ֆեդերացիային: Մեզ համար հիմք կարող է հանդիսանալ միայն մեր ֆեդերացիային ուղղված պաշտոնական գրությունը, որից հետո մեր ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը կանենք:

Պատճառը բոլորիս հայտնի է, այս իրավիճակն է: Մենք ConIFA-ին եւ Աբխազիայի ֆեդերացիայի նախագահին 4-5 օր առաջ ենք նամակ ուղարկել: Աբխազիայի ֆեդերացիայի հայտարարությունն նոր է տարածվել: Գուցե վատ կապով պայմանավորված՝ դեռ չենք ստացել էլեկտրոնային նամակը, քանի որ արդեն երկու օր է Արցախում կապ չկա: Կարծում եմ՝ մեկ-երկու օրից ամեն ինչ պարզ կլինի:

Կարեւոր է, որ խաղը հետաձգվի: ConIFA աշխարհի առաջնությունն անցկացվելու է 2024 թվականին: Լավ կլիներ, որ մինչեւ 2024 թվականը կարողանայինք անցկացնել մեր խաղը D խմբում: Խաղը չեղարկելու դեպքում Արցախին կգրանցվի տեխնիկական պարտություն:

Մենք հույս ունենք, որ խաղը կհետաձգվի եւ մենք կկարողանանք մասնակցել»,- ասաց Մհեր Ավանեսյանը:

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) աշխարհի առաջնության եվրոպական գոտու D խմբի Աբխազիա - Արցախ ընտրական հանդիպումը նախատեսված էր հուլիսի 10-ին Սուխումի «Դինամո» ստադիոնում:

  • Կիսվել: