երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելացել է

Արցախի էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը կտրուկ ավելացել է

Արցախում էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին կտրուկ ավելացել է: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում շղթայական վթարներ են տեղի ունենում: Նման արագությամբ աճող վթարների քանակն ուղղակի անհնար է դարձնում հովհարային անջատումների ժամանակացույցը պահպանելը:

«Ցանցի վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ: Վթարների քանակը բավականին մեծացել է: Այն հիմնականում կախված է գազամատակարարման բացակայության հետ և կտրուկ աճ է արձանագրվել: Հիմնականում խոսքը Ստեփանակերտ քաղաքի մասին է, շրջաններում լուրջ խնդիրներ, համենայնդեպս, չենք արձանագրել: Միայն Մարտունի քաղաքում այս պահին ունենք խոշոր վթար, վերացման ընթացքում է: Հուսով ենք՝ կարճ ժամանակում կկարգավորվի»,-ասել է  «Արցախէներգո» ՓԲԸ-ի փոխտնօրեն Տիգրան Գաբրիելյանը:
 

Վթարների հիմնական պատճառը  մալուխային տնտեսության վիճակն է: Համակարգն ի սկզբանե վատ վիճակում չէր: Սակայն, ըստ Գաբրիելյանի, այսօրվա պես ծանրաբեռնվածություն Ստեփանակերտ քաղաքում երբևէ չի եղել: Օրական 60-70 միայն անհատական կանչ է գրանցվում, ավելի խոշոր վթարներ ևս տեղի են ունենում:

Շրջափակման 2 ամսվա ընթացքում Ադրբեջանը 7 անգամ անջատել է Արցախի գազամատակարարումը: Փետրվարի 8-ից առ այսօր այն դեռ դադարեցված է մնում: Գազամատակարարման բացակայության պայմաններում և օդային գծերի  բեռը թեթևացնելու նպատակով հովհարային անջատումների ժամանակացույցում փոփոխություններ տեղի ունեցան: Ըստ այդմ՝ անջատումներն օրական 6 անգամ են` 1-ական ժամով: Այս պահին նոր փոփոխություններ դեռ նախատեսված չեն:

Հայաստանից Արցախ եկող բարձրավոլտ էլեկտրագիծը վթարված է հունվարի 9-ից, և Արցախը շարունակում է օգտագործել միայն ներքին ռեսուրսները:

 

  • Կիսվել: