ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի բուհեր ընդունվելու կարգը հստակեցվել է (տեսանյութ)

Արցախի բուհեր ընդունվելու կարգը հստակեցվել է (տեսանյութ)

2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանն առնչվող բոլոր իրավական փաստաթղթերը, մասնավորապես՝ ընդունելության կարգը, մասնագիտությունների ցանկը և համալսարանների ծածկագրերը, տեղադրված են ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած առցանց ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանը:
 
Նախարարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական բուհերում սովորելու համար Արցախի Հանրապետությանը հատկացված 60 տեղերի համար դիմելու նպատակով դիմորդները որոշ մասնագիտությունների դեպքում հանձնելու են միասնական, որոշների համար էլ՝ ներբուհական քննություններ:
 
Այսպես՝ Երևանի պետական համալսարան ընդունվել ցանկացող դիմորդների համար մասնագիտությունների ցանկն ամբողջությամբ հրապարակված է ԿԳՄ նախարարության պաշտոնական կայքէջում: Բոլոր մասնագիտությունների համար դիմորդները նախապես պետք է դիմեն Արցախի գնահատման և թեստավորման կենտրոն:
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտության համար անհրաժեշտ է հանձնել ներբուհական քննություն, հետևապես դիմորդը պետք է դիմի ԱՀ ԿԳՄ նախարարության մասնագիտական կրթության բաժին, ստանա երաշխավորության համապատասխան տեքստ, որը սկանավորելուց հետո պետք է ուղարկի տվյալ բուհին: Ի դեպ, ներբուհական քննությունների համար դիմորդները դիմելու են Dimord.am կայքի միջոցով:
 
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Դիզայն», «Գրաֆիկական դիզայն» և «Ճարտարապետություն» մասնագիտությունների համար կրկին դիմորդները դիմելու են ԱՀ ԿԳՄ նախարարություն, ապա համապատասխան երաշխավորական տեքստը ստանալուց հետո՝ ԳԹԿ՝ անձնական համար ստանալու նպատակով:
 
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարաններ ընդունվել ցանկացողները պետք է դիմեն Արցախի գնահատման և թեստավորման կենտրոն: Այս համալսարաններ ընդունվելու համար քննությունները կանցկացվեն միասնական կարգով:
 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ ընդունվել ցանկացողները նախապես պետք է դիմեն ԱՀ ԿԳՄ նախարարություն, ապա ԳԹԿ՝ համապատասխան անձնական համար ստանալու նպատակով:
 
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններ ընդունվել ցանկացողները ևս պետք է դիմեն ԳԹԿ:
 
Միջպետական համաձայնագրով ստեղծված Հայ-ռուսական (Սլավոնական) համասարան դիմել ցանկացողները կրկին դիմելու են ԱՀ ԿԳՄ նախարարություն՝ երաշխավորագրի տեքստ ստանալու համար, իսկ ԳԹԿ՝ անձնական համար ստանալու նպատակով: Այս համալսարանում քննություններն անց են կացվելու միասնական կարգով, իսկ փաստաթղթերը պետք է հանձնել՝ անմիջական կապ ստեղծելով Հայ-ռուսական (Սլավոնական) համասարանի հետ:

  • Կիսվել: