շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Արցախի բնակչության անունից պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու եռակողմ հայտարարության դրույթները. նախաձեռնող խմբի անդամ

Արցախի բնակչության անունից պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու եռակողմ հայտարարության դրույթները. նախաձեռնող խմբի անդամ

«Ձեր առջև կանգնած են Արցախի երիտասարդները, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ՝ Հայրենիքի հանդեպ մեր սերը, Արցախի Հանրապետության հանդեպ մեր պատասխանատվությունը: Արցախը մեր հայրենի հողն է, այս հողում մենք ապրել ենք հազարամյակներ և ապրելու ենք հավերժ: Այսօր մենք չենք կարող անտարբեր մնալ, լուռ հետևել, թե ինչպես են մեր Հայրենիքը խլում մեր ձեռքից: Մենք պատրաստ են յուրաքանչյուրս կանգնել թշնամու առաջ»,- հայտարարեց «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի երիտասարդներից մեկը, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նույն խմբի նախաձեռնությամբ ընթացող հանրահավաքի ժամանակ:

«Մենք նույնիսկ աջակցություն ստացանք այն մարդկանցից, ովքեր բնակվում են հեռավոր վայրերում և որտեղ հասնելը մեզ համար դժվար էր: Մարդիկ իրենք էին գտնում մեզ և ցանկություն հայտնում աջակցելու: Այս ստորագրահավաքի միջոցով մենք դրսևորեցինք մեր միասնական կամքը ներկայի և մեր ապագայի նկատմամբ: Ստորագրահավաքին միացել են հազարավոր մեր հայրենակիցներ և Արցախի բարեկամներ Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում: Այս մի քանի օրվա ընթացքում մենք հասցրել ենք հավաքել ավելի քան 120 հազար ստորագրություն ինչպես թղթային, այնպես էլ առցանց տարբերակով: Այս ստորագրությունները մեր համախոհների խումբը Երևանում կփոխանցի ՀՀ կառավարությանը, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին: Միասին մենք Արցախ ենք, միասին մենք անպարտ են»,-տեղեկացրեց նա:

Նրանք տեղեկացրեցին, որ ստորագրահավաքը շարունակվում է, որին կարելի է միանալ նաև առցանց եղանակով:

Այնուհետև, հրապարակվեցին հանրահավաքի պահանջները.

«ՄԱԿ-ի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի ղեկավարներին, ՌԴ նախագահին, որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, ՀՀ վարչապետին, որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության իրավական և քաղաքական պատասխանատու պետության ղեկավարի, մենք Արցախի Հանրապետության քաղաքացիներս, ձեր և ողջ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի կնքված եռակողմ հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Արցախում ներկայումս ոչ միայն հումանիտար ճգնաժամ է, այլև Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ իրականացնում է էթնիկ զտման և Արցախի բնիկ ժողովրդին իր Հայրենիքից զրկելու ցեղասպանական քաղաքականություն՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախի 120 000 բնակչությանը՝ այդ թվում նաև 30 հազար երեխաների, իսկ ապրիլի 23-ին հսկիչ-անցակետ տեղադրելով Բերձորի միջանցքում ամբողջությամբ կտրելով Արցախի կապն արտաքին աշխարհի հետ: Մենք՝ Արցախի բնակչության անունից պահանջում ենք առանց հետաձգելու կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-22թթ որոշումների կատարումը» :

  • Կիսվել: