ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի ԱԺ–ում կազմակերպվել են «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ

Արցախի ԱԺ–ում կազմակերպվել են «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով խորհրդարանական լսումներ

Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ, տեղեկացնում է Արցախի Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID19-ի աշխարհում տարածման տեմպերի մասին, նշել է, որ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է համաճարակի դեմ պայքարի աշխատանքները: Նախարարը ընդգծել է, որ հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուս հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Նա նաև հավելել է, որ Արցախի սահմանային 4 անցակետերում իրականացվում է հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափման գործընթաց: Նախարարի խոսքով՝ վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժհիմնավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև առանձնացվել են հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով:

 

Արայիկ Բաղրյանը, պատասխանելով պատգամավորների առաջադրած հարցերին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ. փորձանմուշները թեստավորվում և պատասխաններն օպերատիվ ուղարկվում են ԱՀ: Նա նաև անդրադարձել է արհեստական շնչառության սարքերի, դիմակների և մյուս անհրաժեշտ պարագաների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք այս պահի դրությամբ հանրապետությունում բավարար չափով առկա են և աշխատում են պաշարներն ավելացնելու ուղղությամբ:

Խոսելով ոստիկանության համակարգի իրականացրած աշխատանքի մասին՝ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արգելված է օտարերկրացիների մուտքը Արցախի Հանրապետություն, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Լևոն Մնացականյանի խոսքով՝ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից:

Պատգամավորները ոստիկանապետին են առաջադրել Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին դիտորդների այցերի և ՀՀ-ից մուտքի վերահսկման մասին հարցեր:

Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակում ոլորտի իրականացրած աշխատանքը, նշել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասերը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի: Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը: Նախարարը նշել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով: Նախարարի խոսքով՝ դասապրոցեսները վերսկսելուց հետո կստուգվի մատուցված նյութի յուրացման մակարդակը, որի արդյունքում կընդունվի նոր որոշում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, խոսելով ծառայության աշխատանքների մասին՝ նշել է, որ կազմավորված 5 խումբ այժմ իրականացնում է հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է:

Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, միայնակ տարեցներին անհրաժեշտ պարագաներով և սննդով օժանդակությանը: Կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու ինքնագիտակցության բարձրացումը և համաճարակի պայմաններում ուղեցույցին և համապատասխան պահանջներին հետևելը:

  • Կիսվել: