երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է  Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:

 Արթուր  Թովմասյանի   ֆեյսբուքյան   պաշտոնական  էջի  փոխանցմամբ՝ ուղերձում     մասնավորապես  ասված  է.
 
«Սիրելի' հայրենակիցներ   շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության՝ հայ ժողովրդի միակամությունն ու կուռ ոգին ի դերև հանող տոն օրվա կապակցությամբ։
 
Մայիսյան հաղթանակների հանրագումարը դարձած օրվա խորհրդի առթիվ ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանին հղած ուղերձը ներկայացնում  եմ  Ձեզ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ,   Մեծարգո՛ պարոն Միրզոյան, Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ:

1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի և միասնության դրսևորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը:

Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ վերածվելով հայ ազգի միասնականության և միաբանության լավագույն առհավատչյայի:
Երկրի և իշխանությունների առջև դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը: Այդ համատեքստում անգնահատելի է պատմական և քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ և միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:

Մաղթում եմ, որ կուռ և միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն և միասնականություն Հայկական երկու պետություններին և աշխարհասփյուռ հայությանը:

Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»:

  • Կիսվել: