երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախի Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել. մանրամասներ

Արցախի Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել. մանրամասներ

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել:
Նիստի սկզբում խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման արդյունքում զոհված հայորդիների հիշատակը:
 
Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դիմել է քաղաքակիրթ աշխարհին՝ կոչ անելով համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Նա մեկ անգամ ևս հավաստել է հայրենիքում արժանապատվորեն ապրելու արցախահայության վճռականությունը:
 
Այնուհետև հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովը:«Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ անհապաղ դադարեցնել մեկնարկած բանակցությունները՝ մինչև Արցախի հետ շփման գծում և ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը»,-ասված է խորհրդարանի հայտարարության մեջ:
 
Ադրբեջանի գործողությունները դատապարտող ելույթով հանդես է եկել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: Նա դիմել է միջազգային դերակատարներին՝ շեշտելով, որ «Արցախն առանց հայերի» քաղաքականությունից տուժելու են նաև նրանք:
 
Անցնելով օրակարգային այլ հարցերի պատգամավորները քննարկել են «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը:
Հաշվետվությունը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանը:
 
Նա նշել է, որ 2022 թվականի ՀՆԱ-ն կազմել է նախապատերազմյան ՀՆԱ-ի 84,3 տոկոսը: Այնուամենայնիվ պետությունը կատարել է իր բոլոր սոցիալական պարտավորությունները:
 
Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրել է պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Նա հաստատել է բյուջեի կատարման հաշվետվության արժանահավատությունը:
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ հաշվետվությունը դրվել է քվեարկության. քվորում չլինելու պատճառով որոշումը չի ընդունվել:
 
ՄԻՊ 2022թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացրել է Գեղամ Ստեփանյանը: Նա ներկայացրել է արցախցիների ոտնահարված իրավունքների փաստագրման ու հանրայնացման աշխատանքները:
 
«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» հարցի քննարկումը երկրորդ ընթերցմամբ ընդհատվել էր Գերագույն դատարանի որոշման ակնկալիքով:
Նիստը վարող Գագիկ Բաղունցը տեղեկացրել է, որ Գերագույն դատարանը փոփոխությունը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել: Վերջնական քվեարկությամբ փոփոխության նախագիծը ընդունվել է:
 
 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծն արժանացել է խորհրդարանի հավանությանը:
 
Հիմնադրամների նկատմամբ արդարադատության նախարարության վերահսկողական գործառույթների ընդլայնմանն ուղղված «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթին պատգամավորները կողմ են քվեարկել: Այն ներկայացնելիս նախարար Սրբուհի Արզումանյանը նշել է, որ հիմնադրամների հաշվետվողականությունը մինչ այժմ կազմել է 20 տոկոս:
շՀաջորդիվ ընդունվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները:
 
Հարկային ոլորտին առնչվող 8 օրինագծից բաղկացած փաթեթը ևս ընդունվել է:
Քննարկվել և գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացություններով ընդունվել են նաև  «Զբաղվածության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և շ«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքները:
 
Առաջին ընթերցմամբ ներկայացված Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագծի քննարկումը ընդհատվել է 24 ժամով, առաջարկությունների համար երեքական ժամ հատկացվել:
Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավակարգավորումները սահմանող  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծին պատգամավորները կողմ են քվեարկել:
 
Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:

  • Կիսվել: