Արցախի անկախության օրվա արթիվ համավարակով պայմանավորված տոնական միջոցառումներ չեն լինի, պաշտոնապես հրավիրյալ պատվիրակություններ նույնպես. Խոսնակ
Արցախի անկախության օրվա արթիվ համավարակով պայմանավորված տոնական միջոցառումներ չեն լինի: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նա հավելեց, որ նախատեսվում է զուտ արարողակարգային այցելություն քաղաքային հուշահամալիր: «Ապա տեղի կունենա նախագահի պաշտոնավարման 100-օրյակին նվիրված ասուլիսը»,- նշեց Պողոսյանը:
Երեկոյան խնջույք, ճաշկերույթ հայաստանյան իշխանական էլիտայի հետ չի՞ նախատեսվում, ինչպես շրջանառվում է լրատվամիջոցներում, հարցին, խոսնակը տվեց բացասական պատասխան. «Ոչ մի խնջույք, խնջույքի փոխարեն երեկոյան այցելելու ենք շրջաններից մեկը, ծանոթանալու կատարվող աշխատանքներին»:
Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը առ այն, որ անկախության տոնի արթիվ Արցախի իշխանությունները հրավիրել են միայն հայաստանյան իշխող ուժի պատվիրակությանը, իսկ ընդդիմադիրները անտեսվել են, խոսնակը հավաստեց, որ համավարակով պայմանավորված ոչ մի պաշտոնական հրավեր ԱՀ իշխանությունների կողմից չի եղել:
Այդ դեպքում ի՞նչով է պայմանավորված իշխանական ուժի խորհրդարանական պատվիրակության ներկայությունը այս օրերին Արցախում հարցին, խոսնակը հավաստեց, որ պատվիրակությունը Արցախ է մեկնել սեփական նախաձեռնությամբ:
Ի դեպ հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս օրերին իր հանգիստը անց է կացնում Հայաստանում, այլ ոչ Արցախում, ինչպես քանի օր շրջանառում են լրատվամիջոցները: