ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի ԱԳՆ-ն հերքում է ռուսական կայքի հաղորդագրությունը

Արցախի ԱԳՆ-ն հերքում է ռուսական կայքի հաղորդագրությունը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»:

«Լեհական գործակալության բնօրինակ հոդվածի հետ ծանոթությունը կասկածի տեղ չի թողնում, որ վերը նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին:

Հույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի արդյունք էր:

Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հույս ունի, որ ռուսական լրատվական գործակալությունը կառուցողականություն կցուցաբերի և անհապաղ կշտկի թույլ տված սխալը:

📎 Defence24 հոդվածը՝ https://bit.ly/3g3tY1i

📎 Тopwar.ru հոդվածը՝ https://bit.ly/3h0b7Wa »,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: