երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախահայության շահերի զիջման հաշվին  փորձ է արվում բավարարել Բաքվի ծավալապաշտական նկրտումները. Արթուր Հարությունյան

Արցախահայության շահերի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Բաքվի ծավալապաշտական նկրտումները. Արթուր Հարությունյան

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության դրույթները. Կիրառելով ականանետեր եւ ԱԹՍ-ներ գիշերը  Մարտունու եւ Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի հետեւանքով ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

Նա մասնավորապես, նշեց. «Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետեւողական քաղաքականությունը եւ ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումը ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը:

Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին  եւ խաղաղությանը պատրաստվելու ադրբեջանական դիվանագիտական  կորպուսի հռետորաբանությանը  զուգահեռ Արցախում իրականացնում է ռազմական ագրեսիա, որն էլ, ինչպես տեսնում ենք, արվում է տարածաշրջանը լարված պահելու, արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով եւ քայլերի տրամաբանական հաջորդականությամբ:

Ցավոք սրտի, քաղաքական այս օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում հարցին վերջնական եւ արդարացի լուծում  տալու համար: Հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական  քաղաքական քայլ, որը  կզսպի Ադրբեջանի ահաբեկչական  քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը:

Սրա հիմնական պատճառն, իհարկե, Ադրբեջանի էներգառեսուրսների  մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու մեր թշնամու կողմից այս գործոնի օգտագործման փորձերը: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ արցախահայության  կենսական իրավունքների , այդ թվում ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին  փորձ է արվում բավարարել Ադրբեջանի  ծավալապաշտական նկրտումները եւ կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Միջազգային դերակատարների դեպքում գուցեեւ Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններն, բայց որ հարցի լուծում այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ, դա նույնպես փաստ է: Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունը ի սկզբանե դատապարտված է ձախողման: Նման պատճառով ոչ միայն չի լինելու խաղաղության, այլեւ տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիայի եւ բախումների շրջան՝ իր կանխատեսելի հետեւանքներով եւ արդյունքներով, որից կարող են տուժել նաեւ  մեր հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները»:

  • Կիսվել: