շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախահայերն ու ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել, իսկ Ադրբեջանի կեղծ թեզը միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի. պետնախարար

Արցախահայերն ու ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել, իսկ Ադրբեջանի կեղծ թեզը միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի. պետնախարար

Ադրբեջանի կողմից առաջ քաշվող թեզը՝ «ինտեգրացիայի» վերաբերյալ, երբեք իրողություն և իրականություն չի եղել՝ 20-րդ դարից սկսած։

Այս մասին մարտի 23-ին տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ փաստելով, որ արցախահայերն ու ադրբեջանցիները երբեք էլ ինտեգրված չեն եղել, ընդհակառակը Ադրբեջանի կողմից ամբողջ ժամանակահատվածում Արցախի, արցախահայերի նկատմամբ ազգային պատկանելությամբ պայմանավորված, բազմաթիվ հանցագործություններ են իրագործվել՝ կյանքի ու առողջության, սեփականության դեմ ուղղված և այլն:

«Հետևաբար այդ ինտեգրացիա կոչվածը միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից մոլորեցնելու և իր ցանկություններն իրականություն դարձնելու հետագա կեղծ փաստարկներն ու պնդումներն են»,-ընդգծել է պետնախարարը՝ կարևորելով միջազգային դերակատարների հետ ուղիղ հաղորդակցվելն ու խնդիրը ներկայացնելը ծագումնաբանության հիման վրա:

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն էլ , անդրադառնալով հարցին, բացառել է Ադրբեջանի հետ համատեղ լինելու որևէ ձևակերպում:

«Այս շրջափակումը, մարտի 5-ին տեղի ունեցած դեպքը, վերջին օրերի ընթացքում շփման գծի երկայնքով բազմաթիվ սադրանքները, որ Արբեջանի կողմից տեսնում ենք դրա ապացույցն են: Հայկական կողմի հիմնավորումներն այնքան շատ են, որ յուրաքանչյուրի համար էլ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների, շատ պարզ տեսանելի ու հասկանալի է, որ չի կարող համատեղում լինել արցախահայության և Ադրբեջանի. սա բացառված է ուղղակի»,-շեշտել է արտգործնախարարը:

  • Կիսվել: