շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նոր նշանակումների մասին որոշումները

Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նոր նշանակումների մասին որոշումները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նոր նշանակումների մասին որոշումները:

Ըստ դրանց` Սամվել Շահրամանյանը նշանակվում է Արցախի Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար՝ ազատվելով Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

ԱՀ նախագահը նշել է, որ սա նոր նախարարություն է, որի հետ մեծ հույսեր է կապում, և այն առանձնակի նշանակություն պետք է ունենա կառավարության կազմում:

Հաջորդ որոշմամբ, Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Ազգային անվտանգության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ «Կամո Աղաջանյանին ճանաչում եմ շատ վաղուց, մեր լավագույն լեգենդար հրամանատարներից է եղել։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքով կարողանալու ենք զարգացնել ԱԱԾ աշխատանքը», -ընդգծել է ԱՀ նախագահը։

Նա հատուկ շեշտեց, որ որդեգրվել է նոր ռազմավարություն Արցախի և Հայաստանի ԱԱԾ-երի միջև սերտ համագործակցություն սահմանելու վերաբերյալ, քանզի երկու կառույցների գործունեությունը կապված է ընդհանուր հայրենիքի անվտանգության ապահովման խնդիրների հետ: Հարությունյանը խոստացավ, որ առաջիկայում այդ առնչությամբ փակագծեր կբացվեն:    

Մյուս որոշմամբ, Շուշիի վարչակազմի ղեկավար է նշանակվել Էրիկ Հարությունյանը, որը ԱԺ պատգամավոր է եղել։ «Նա երիտասարդ է, բավական լուրջ հաջողություն է արձանագրել ընտրությունների ժամանակ և հարգանք է վայելում Շուշիի շրջանի բնակչության մոտ», -ներկայացրել է Արայիկ Հարությունյանը

  • Կիսվել: