չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտին

Արայիկ Հարությունյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի գնահատմանը եւ համայնքային խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Շրջաններում իրականացվող բերքահավաքի եւ ոռոգման աշխատանքների, ինչպես նաեւ տեղերում առկա խնդիրների մասին համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչակազմերի ղեկավարները:

Հանրապետության նախագահին չեն գոհացրել հատկապես հացահատիկային մշակաբույսերից ստացված բերքի ցածր ցուցանիշները, ինչը նա համարել է ոչ թե եղանակային անբարենպաստ պայմանների, այլ մասնավոր եւ պետական հատվածների կողմից ցուցաբերված ոչ լիարժեք մոտեցումների արդյունք:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարածքային կառավարման արդիականացման եւ համայնքների համաչափ զարգացման համար անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ, որոնք թույլ կտան բարձրացնել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետությունը:

Այս համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը վերանայելու եւ այն Նախագահի 2020-2025 թվականների ծրագրին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Նախագահն անդրադարձել է նաև ոռոգման ջրի խնդրին և ընդգծել, որ առաջիկա ժամանակահատվածում պետական միջոցներով նախատեսվում է մեծածավալ աշխատանքներ իրականացնել՝ միաժամանակ ընդլայնելով ոլորտը համակարգող ընկերությունների լիազորությունները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհաշինությանը, սոցիալական տարբեր խմբերի բնակարանային խնդրի լուծմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:

 

  • Կիսվել: