երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏԿԶՆ աշխատակիցների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՏԿԶՆ աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 7-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։ Ծրագրային անելիքների մասին զեկույցով հանդես է եկել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, պարետ Ժիրայր Միրզոյանը։ Նախարարը երկրի ղեկավարին է ներկայացրել նորաստեղծ պետական գերատեսչության կառուցվածքը, որը համապատասխանեցվել է ոլորտի գերակա ուղղություններին։

Ժիրայր Միրզոյանը նշել է, որ այսօր Հանրապետության առջև ծառացած ամենահրատապ խնդիրներից են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ու դրանց իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների անհամապատասխանության վերացումը և ՏԻՄ համակարգը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումը։ Այդ նպատակով արդեն իսկ մշակվել է Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների հայեցակարգ, և նախանշվել են հետագա անելիքները։

Իր խոսքում նախագահ Հարությունյանը շեշտել է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում պետք է իրականացվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք ուղղված են լինելու տարածքային համաչափ զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև նոր որակի տարածքային կառավարման ապահովմանը։

Նախագահը նշել է, որ նախարարությունը լուրջ և համապարփակ աշխատանք պետք է իրականացնի նաև բնական պաշարների կառավարման ոլորտում։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն իր դժգոհությունն է հայտնել անտառների ապօրինի հատումների կանխարգելմանը և ընդերքի արդյունավետ ու բարեխիղճ օգտագործմանն ուղղված նախկինում իրականացվող քաղաքականության վերաբերյալ՝ ընդգծելով, որ ցանկացած չարաշահում և կոռուպցիոն երևույթ պետք է պատժվեն խստագույն կերպով։

Անդրադառնալով նախարարության վարչական շենքին՝ երկրի ղեկավարը նշել է, որ այն պատկանում է մասնավոր ընկերության, և վերջինս իր խնդրանքով շենքն անհատույց տրամադրել է նախարարությանը:

 

  • Կիսվել: