ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում ԱՀ մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետևում են Լիբանանում համավարակի հետեւանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին եւ մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաեւ Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին եւ եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը:

Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության և ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:  

  • Կիսվել: