հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը պարետի որոշումները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեին, եթե որոշումը պարտադրանք պարունակեր. Վահրամ Պողոսյան

Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը պարետի որոշումները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեին, եթե որոշումը պարտադրանք պարունակեր. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակիցների մի մասին Արցախում արդեն թեստավորել են, բարեբախտաբար, բոլոր թեստերը բացասական են եղել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Բայց սա դեռ վերջնական արդյունք չէ, գործընթացը շարունակական է և առաջիկա օրերին մենք կունենանք ամբողջական պատկերը։ Ինչու միանգամից բոլորին չենք թեստավորում, որովհետև 3-4 օրվա տարբերությամբ առավել հստակ է լինում արդյունքը»,-ասաց Պողոսյանը։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ-ից ժամանակ բոլոր հյուրերը Արցախ գալուց առաջ թեստավորվել են, միաժամանակ , չնայած պաշտոնական արարողությունից հետո՝ սեղանի շուրջ շնորհավորելու համար առանձնացված տարածքը բացօթյա էր, սակայն բժշկական շատ մեծ անձնակազմ էր գործում։ «Այնտեղ բոլորը ջերմաչափվել են, ախտահանիչ նյութերով ախտահանվել են, որից հետո միայն տարածք են մուտք գործել։ Իրականացվել են բոլոր անվտանգության միջոցառումները, որպեզի ծանր հետևանքներ չլինեն»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, որ սոցիալական հեռավորությունն ու անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ նաև Արցախի պարետի համապատասխան որոշումը կար, հետևաբար, կանոնները խախտելու համար արարողությանը ներկաներից որևէ մեկը ենթարկվե՞լ է վարչական պատասխանատվության՝ նա պատասխանեց, որ Արցախի պարետի որոշումը պարտադանք չի պարունակում։ «Վարչական պատասխանատվության կենթարկվեին, եթե որոշումը պարտադրանք պարունակեր։

Այդ որոշումը խորհրդատվական է։ Եթե այն հարկադրանք պարունակեր՝ մենք ամեն օր բազմաթիվ քաղաքացիների տույժերի և տուգանքների պետք է ենթարկեինք։ Մենք ամեն օր տեսնում ենք, որ մարդիկ խախտում են այդ պահանջները։ Բավականին մեծ կուտակումներ կան հատկապես բանկերում, սակայն պարետի որոշումը ավելի շատ կոչ է, հորդոր՝ ուղղված քաղաքացիներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արցախում առհասարակ որևէ մեկի նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել։

«Չնայած դրան՝ իրականացում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ համաճարակային իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար և բռնկումներ չկան»,-ասաց նա։

  • Կիսվել: