երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան

Առանց պատժամիջոցների ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու. Արտակ Բեգլարյան

 Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, ակնկալում, պահանջում է, որ Ադրբեջանի կողմից Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա. Բեգլարյանն Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցների կարիք է տեսնում: Բեգլարյանը նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում:

 

Բեգլարյանը կարծում է, որ ճանապարհի փակման առնչությամբ միջազգային արձագանքը կարելի է մասնակի կամ ամբողջությամբ դրական գնահատել, սակայն ընդհանուր առմամբ արդյունքը, արդյունավետությունը բացասական է գնահատում: «Անկախ նրանից, թե ինչ է ասվում, ինչ է հայտարարվում, ակնհայտ է, որ դա չի ազդում Ադրբեջանի վարքի վրա: Եվ Ադրբեջանն արդեն 8-րդ օրն է, շարունակում է Արցախի ժողովրդի ամբողջական շրջափակումը, կոլեկտիվ պատանդառությունը: Այդ տեսանկյունից միջազգային հանրության գործողությունները գնահատում եմ բացասական»,-ասաց նա:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Բերձորի (Լաչինի) միջանցքը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 19-ը ժամանակ է տվել՝ Հայաստանի ներկայացրած պահանջին պատասխանելու համար: Սակայն, թե քանի օր ՄԻԵԴ-ը կքննարկի փաթեթն ու երբ  միջանկյալ որոշում կհրապարակի, Բեգլարյանը դժվարացավ ասել:

«Դրան զուգահեռ արդեն գործընթացներ են մեկնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ում: Հայտարարվեց, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ այլ հարցերի շարքում նաև փակ ձևաչափով քննարկվել է Արցախի, մասնավորապես ճանապարհի հարցը: Մենք ակնկալում ենք, պահանջում ենք, ՀՀ ԱԳՆ-ն էլ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հրատապ կարգով, բաց ձևաչափով մանրամասն այս հարցը քննարկվի, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ն էլ, խորհրդի անդամներն էլ հստակ դիրքորոշումներ հայտնեն: Սա կարևոր ձևաչափերից մեկն է, որով հնարավոր կլինի բարձր մակարդակի միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասաց Բեգլարյանը:

Նա ավելի էական համարեց գործնական քայլեր ձեռնարկելը, այսինքն՝ հնարավոր պատասխանատվության միջոցների կիրառումը Ադրբեջանի, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ: «Առանց հստակ պատասխանատվության միջոցների, պատժամիջոցների, ես համոզված եմ, որ ալիևյան ռեժիմը խելքը գլուխը չի հավաքելու: Եվ այդ անպատժելիությունն անընդհատ նոր հանցագործություններ է ծնելու»,-ընդգծեց Արցախի պետնախարարի խորհրդականը։

Բեգլարյանը հավանական չի համարում, սակայն նաև անհնար չի համարում, որ, եթե ոչ կոլեկտիվ միջազգային հանրությունը, ապա գոնե կոնկրետ երկրներ կարող են առնվազն պատժամիջոցների կիրառման սպառնալիքներ հնչեցնել, ինչը կարող է որոշակի զսպող հանգամանք լինել:

«Սակայն ցավալի է, որ այդ ֆոնին, երբ պատժամիջոցներ են անհրաժեշտ, դեկտեմբերի 17-ին Բուխարեստում Ալիևի հետ ստորագրվում է էներգետիկ՝ էլեկտրամատակարարման համաձայնագիրը, որը շատ խոշոր ծրագիր է: Ներկա է լինում նաև Եվրահանձնաժողովի նախագահը, նա շրջափակման ֆոնին գնում, Ալիևի հետ համաձայնագիր է ստորագրում և ողջունում Ալիևին, սա արդեն ցավալի է»,-ասաց Բեգլարյանը:

Նա նշեց՝ ճանապարհը բացելու համար հստակ է, որ Ադրբեջանի կողմից նախապայմաններն առկա են, եթե չլինեին, վաղուց բացած կլինեն: «Իրենք ինչ-որ բան ակնկալում, պահանջում են, որ փակ են պահում: Թե առերևույթ, թե խորքային առումով իրենք հստակ նպատակներ ունեն: Ռուսական կողմն այդ ուղղությամբ աշխատում է, միջնորդություն կա, որոշակի բանակցային գործընթաց կա»,-ասաց նա:

Արցախյան կողմը ևս ներգրավվածություն ունի բանակցություններում: Բոլոր երկխոսությունները տեղի են ունենում ռուսական միջնորդական ջանքերով: Բեգլարյանը համոզված է՝ Ադրբեջանի գլխավոր խորքային նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունը, էթնիկ զտումն է: Իսկ հայկական կողմի ռազմավարական նպատակը դրան հակառակ պետք է լինի՝ Արցախի պահպանումը որպես հայկական հայրենիք, իրավիճակի կայունացումը և երկարաժամկետում Արցախի զորացումը, զարգացումը՝ իհարկե ՀՀ-ի հետ միասին, որը թույլ կտա ժամանակի ընթացքում ձգտել հակամարտության կայուն, արդարացի, վերջնական կարգավորման՝ միջազգային հանրության աջակցությամբ:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներին՝ Բեգլարյանը հայտնեց, որ դեռ պաշարներ կան, բայց, բնականաբար, ավելի քիչ: Կա կոնկրետ տեսակի, երբեմն կենսական, երբեմն ոչ կենսական բնույթի ապրանքատեսակների կամ բացակայություն կամ սուր սղություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: