հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան

Առաջիկա ամիսներին բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները կկարողանանք մտցնել բնականոն հուն. Արտակ Բեգլարյան

Արցախում  պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարման ուղղված պետական աջակցության ծրագրի  շրջանակում ստացվել է 46 հազար 956  հայտ, որից 8352 հայտը արդեն բավարարվել է ավելի քան 10 միլիարդ դրամի շրջանակներում: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Հաջորդ կարևոր ծրագիրը պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց  պետական ֆինանսական աջակցության ծրագիրն է: Հունվարի 1- ի դրությամբ ծրագրի շրջանակում ստացվել է 9300 հայտ, որից 1349-ն արդեն բավարարվել է:  Ընդհանուր 6 միլիարդ 722 միլիոն դրանից,  որից  2 միլիարդ  667 միլիոնը՝ կանխիկ, արդեն տրամադրվել է 1 միլիարդ 500 միլիոնը, իսկ մուրհակից 4 միլիարդ 54 միլիոն դրամից տրամադրվել է 2 միլիարդ  495-ը: Մնացած հայտերն էլ այս տարվա մեջ անպայման կբավարարվեն և գումարները կփոխանցվեր քաղաքացիներին»,- ասաց նա:

Արտակ Բեգլարյանը կարևորեց նաև բնակարանային ծրագրի  մեկնարկը: Նա նշեց, որ Բնակարանային հարցերի կոմիտեն իր գործունեությունը փաստացի սկսել է  նոյեմբերի վերջից: Այժմ հնարավորինս կանոնակարգում են բնակարանային խնդիրների լուծման աշխատանքները և առաջիկա ամիսներին կկարողանան այս բարեփոխումը մտցնել բնականոն հուն: Այս տարի պլանավորում են ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս բաց ու թափանցիկ համակարգ ստեղծեն  քաղաքացիների համար, քանի որ այս պահին  իրենց  առջև ծառացած գլխավոր խնդիրներից մեկը հենց բնակարանային խնդիրն է:

  • Կիսվել: