չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Անթույլատրելի են Արցախում արված այն հարցումները, որոնք հասանելի են մեր թշնամիների համար․ Ներսիսյան

Անթույլատրելի են Արցախում արված այն հարցումները, որոնք հասանելի են մեր թշնամիների համար․ Ներսիսյան

Պատերազմական գործողություններից ու մարդկային և տարածքային  կորուստներից հետո ցանկացած պետությունում խաթարվում է ներքին կյանքի բնականոն ընթացքը, խզվում է քաղաքացի-պետություն կապը, պետական մարմինների նկատմամբ ձևավորվում է անվստահության բարձր մակարդակ, միմյանց նկատմամբ ձևավորվում է թշնամություն, ատելություն:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը` հավելելով, որ այդ վիճակը պարարտ հող է պարունակում հակառակորդի համար, որը նման իրավիճակներում փորձում է ձեռնարկել ու ձեռնարկում է տեղեկատվական գրոհ ենթադրող գործողություններ՝ հասարակության աչքերում պետական մարմիններին, պետական ինստիտուտներին, պաշտոնատար անձանց նսեմացնելու, հեղինակազրկելու համար, որի վերջնական նպատակը երկիրը ներսից թուլացնելն ու ներքին կյանքում քաոսային ու խուճապային վիճակներ և տրամադրություններ ստեղծելն է:

«2022 և 2023 թվականներին մասնավոր սուբյեկտների կողմից Արցախում իրականացվել են մի շարք սոցիոլոգիական հարցումներ պետական մարմինների, տարբեր պաշտոնատար անձանց հեղինակության, ճանաչվածության կամ նրանց նկատմամբ վստահության մակարդակը չափելու և այլ նպատակներով: Ակնհայտ էր, որ հատկապես պատերազմից հետո Արցախում պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք չէին կարող բարձր հեղինակություն վայելել, սակայն այդ պատկերը բովանդակող հարցման արդյունքները նաև հանրայնացվել են, հասանելի դարձել մեր թշնամիների համար՝ իրենց բոլոր կանխատեսելի բացասական հետևանքներով: Գիտակցաբար է արվել այդ ամենը, թե ոչ, այլ հարց է, բայց որ երևույթն անթույլատրելի է, կարծում եմ անկասկած է:

Այսօր նույնպես իրականացվում են նմանատիպ սոցիոլոգիական հարցումներ, տարաբնույթ հարցեր են ուղղվում մասնակիցներին, որոնց կողմից ենթադրաբար հետապնդվող նպատակները անորոշ կամ կասկածահարույց են, իսկ արդյունքների  հանրայնացումը կարող է բացասական ազդեցություն թողնել Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգության վրա, ինչը պետք է գրավի նաև ԱՀ իրավապահ մարմինների ուշադրությունը:

Վերոհիշյալ մտահոգությունները հաշվի առնելով՝ առաջիկայում միջոցներ են ձեռնարկվելու հիշյալ գործընթացը իրավական կարգավորման ենթարկելու ուղղությամբ: Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենան բացառապես պետական մարմինների թույլտվությամբ ու պատվերով, որի արդյունքները պետք է տնօրինի բացառապես պետությունը»,-ասված է պետնախարարի գրառման մեջ:

  • Կիսվել: