երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը  «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում նվեր-տուփերի հերթական խմբաքանակն է պատրաստում արցախցի  նորածինների համար

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը «Սեր Արցախ» ծրագրի շրջանակներում նվեր-տուփերի հերթական խմբաքանակն է պատրաստում արցախցի նորածինների համար

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը «Սեր Արցախ» բարեգործական նախագծի շրջանակներում նվեր-տուփերի հերթական խմբաքանակն է պատրաստում Արցախում ծնված երեխաների համար: Այս մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում  տեղեկացրել է հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանը:
 
«Ուղիղ մեկ տարի առաջ հենց մայիսի 24-ին ենք առաջին անգամ սկսել արցախցի նորածինների համար պատրաստել առաջին նվեր-տուփերը: Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ից: Այս ընթացքում հասցրել ենք 1500 արցախցի  ընտանիքների նվեր-տուփեր տրամադրել: Դրանցում, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ներառված են դեղատնային պարագաներ, հագուստ և մեր խորհրդանշական ծիտիկը: Չնայած  այս ընթացքում հանդիպած դժվարություններին, կարողացել ենք պահպանել ծրագրի շարունակականությունը:  Եթե ծննդատանը չենք հասցրել նվերները հանձնել մայրիկներին, ապա  մի քանի օրից նրանք արդեն տանն են  ստացել այն: Մենք, հավատարիմ մեր որդեգրած սկզբունքներին և ի դեմս հիմնադրամի ղեկավարի, փորձում ենք ամեն ինչ անել, որպեզի ծրագիրը շարունակվի»,-մանրամասնել է Ա.Վարդանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ միջոցները  ձեռք են բերվում հիմնադրամի  կազմակերպած դրամահավաքների միջոցով:
 Нет описания.
 Նրա խոսքով՝ նվեր-տուփերի մեջ հիմնականում հայկական արտադրության պարագաներ են:
 Нет описания.
«Մեր նպատակներից է նաև նպաստելը  հայրենական արտադրության խթանմանը: Տուփերում ներառվող հագուստը հայաստանյան «Լալունց» ֆիրմայի արտադրանքն, որի հետ  համագործակցում ենք առաջին օրվանից, խաղալիքն արցախյան, իսկ դեղատնային պարագաները եվրոպական են»,-նշել է նա:
 
Հիմնադրամի ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախի շրջափակումը բավականին խոչընդոտներ է հարուցել իրենց գործունեության համար. նախկինում նույնիսկ մեկ օրով նվեր-տուփրը չէին ուշացնում՝ ծննդատուն հասցնելով ժամանակին:
 
Նրա խոսքով՝ այս ընթացքում պատահել է, որ երեխայի  ծնվելուց հետո նրա տվյալները վերցնում էին մայրիկից, բայց  նվերները հանձնում  էին երեք շաբաթ անց:
 
Մեր զրուցակիցը հայտնել է, որ ներկայում 400 նվեր-տուփ են պատրաստում, որը կբավականացնի, որպեսզի նվիրեն ինչպես այն մայրիկներին, որոնք դեռ չեն ստացել, այնպես էլ այն բալիկներին, որոնք կծնվեն   առաջիկա երկու ամիսներին:
 «Ինչ էլ լինի՝  մենք կանք,  ապրում ենք Արցախում, պայքարում մեր վաղվա օրվա համար: Ես կոչ եմ անում Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին՝  հնարավորություն սահմաններում  օգնելու Աննա Աստվածատուրյան հիմնադրամին, սատար կանգնելու, որպեսզի ծրագիրը շարունակական լինի: Նպատակ ունենք այն իրականացնել Սյունիքի, Տավուշի մարզերում և  ինչու չէ,  նաև  ամբողջ Հայաստանում»,-ընդհանրացրել է հիմնադրամի ներկայացուցիչը:

  • Կիսվել: