ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Անլուրջ և անպատասխանատու եմ համարում ադրբեջանական ագրեսիան Լավրովի կամ Կլաարի՝ Բաքու կատարած այցի հետ կապելու փորձերը. արցախցի քաղաքագետ

Անլուրջ և անպատասխանատու եմ համարում ադրբեջանական ագրեսիան Լավրովի կամ Կլաարի՝ Բաքու կատարած այցի հետ կապելու փորձերը. արցախցի քաղաքագետ

Անլուրջ և անպատասխանատու եմ համարում նախօրեին ադրբեջանական հանցավոր վարչակարգի կողմից իրականացված ագրեսիան Սերգեյ Լավրովի կամ Տոյվո Կլաարի Բաքու կատարած այցի հետ կապելու փորձերը, քանի որ իրականում նման դատողություննեի համար առկա չեն անհրաժեշտ հստակ հիմքեր։ Այսպես է կարծում արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԼՂ-ում ադրբեջանական դիվերսիային, մասնավորապես, նշել է. ՛՛Իրականում առաջին հերթին պետք է հասկանանք թե ինչու՞ միջադեպը տեղի ունեցավ հենց այս տեղամասում և ի՞նչ իրադարձություններ են նախորդել միջադեպին։

Այն, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի առաջ կա որոշակի պահանջ ԼՂ հայերի հետ երկխոսության առումով` ակնհայտ էր վերջերս Մյունխենում Ալիևի կողմից արված այն հայտարարությունից, իբր Բաքուն պատրաստ է երկխոսության, բայց ոչ Ռուսաստանի կողմից ուղարկված Վարդանյանի հետ։

Իհարկե սա ամենևին էլ չէր նշանակում, որ եթե Վարդանյանը չլինի նրանք նստելու են պաշտոնական Ստեփանակերտի հետ որեւէ քննարկումների, բայց այնուամենայնիվ Ալիեւին պատճառ էր պետք, ուստի ընտրել էր այնպիսի մի հիմնավորում, որը իր առաջ պահանջ դնողների համար կլիեր ընդունելի։

Վարդանյանի պաշտոնանկությունից հետո օպերատիվ նշանակության հարցերի շուրջ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի են ունենում հանդիպումներ, որոնք Ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես ինտեգրացիոն գործընթաց, ինչը սակայն տարբեր մակարդակներով հերքվում է Ստեփանակերտի կողմից։

Ադրբեջանական կողմը Շրջափակված Արցախի տարբեր ուղղություններով (Մարտակերտ, Մարտունի, Ասկերան) անցնում է հրադադարի ռեժիմի խախտումների և ապա դիվերսիոն գործողություն իրականացնում այն հատվածում, որի տարածքը օգտագործվել է Արցախի շրջափակման ծայրահեղ հետևանքներից խուսափելու համար (առաջին անհրաժեշտության որոշ հումանիտար ապրանքների մատակարարման նպատակով)։

Ըստ էության Բաքուն փորձում է ամբողջովին իզոլացնելով Արցախը արտաքին աշխարհի հետ կապող հնարավոր բոլոր եղանակներից` ստիպել Ստեփանակերտին ընդունելու ինտեգրման գործընթացը։ Հայկական կողմը ստեղծված իրավիճակում պետք է ինտեգրման գործընթացի պարտադրման հանցավոր գործունեությունները հիմնավորված կերպով ներկայացնի միջազգային հանրությանն ու դրանով բացառի ինտեգրացիայի կամ համակեցության որևէ առաջարկ։ Մենք պետք է Ադրբեջանի գործողություններով հիմնավորենք անջատում հանուն փրկության սկզբունքն ու հասնենք դրա իրավական ամրագրմանը՛՛։

  • Կիսվել: