չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ամսական դրամական աջակցությունը կվճարվի բնակելի անշարժ գույք չունեցողներին՝ 50 հազարական դրամի չափով. Մկրտչյանը

Ամսական դրամական աջակցությունը կվճարվի բնակելի անշարժ գույք չունեցողներին՝ 50 հազարական դրամի չափով. Մկրտչյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց ՀՀ պետբյուջեից 2 մլրդ դրամ հատկացնել Արցախից բռնի տեղահանված շուրջ 40 000 անձանց հոկտեմբեր ամսվա համար ժամանակավոր կացարանում բնակվելու (40 000 դրամ) և  կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու (10 000 դրամ) համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ պաշտոնական տեղեկությունների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են շուրջ 100 652 քաղաքացիներ:

Սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է ֆինասական միջոցների (30 մլրդ դրամ) հատկացման անհրաժեշտություն, որի մի մասը անհրաժեշտ է հատկացնել 2023 թվականի ՀՀ պետբյուջեից:

Նախատեսվում է, որ 40 000 + 10 000 դրամ աջակցությունը պետք է հատկացվի 6 ամիս ժամկետով, մինչեւ մարտը ներառյալ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հստակեցրեց, որ 40 հազար դրամները չեն տրամադրվի նրանց, որոնք ունեն սեփականություն Հայաստանում կամ ապրում են պետության հոգածության ներքո՝ խնամքի հաստատություններում կամ այլ պետական կացարաններում:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ եթե այդ կացարաններում բնակվողները ցանկանան գնալ վարձով ապրելու, ապա այդ գումարը նրանց կտրվի. «Սրանով մենք խրախուսում ենք, որ մեր այդ հայրենակիցները բնակարան վարձեն:

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրատեսական է, որ այդ գնով կարող են բնակարան վարձել եւ իրենց կեցության հարցերը լուծել»,-ասաց նա:

ՀՀ պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ 2023թ. հոկտեմբերին բռնի տեղահանվածշուրջ 40 000 անձանց Որոշման շրջանակում ֆինանսական աջակցություն տրամադրելու համար (40000 շահառու x 50000 դրամ):

Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30.0 մլրդ դրամ (100000 շահառու x 50000 դրամ X 6 ամիս):

Նախագծով առաջարկվող 2 մլրդ գումարը կհատկացվի 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար՝ 2023 թվականի պետբյուջեի պահուստային ֆոնդից:

  • Կիսվել: