ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն հանդես է գալիս Ղարաբաղի համար դիտորդական առաքելության հնարավորինս շուտ ձևավորման օգտին. Միլլեր

ԱՄՆ-ն հանդես է գալիս Ղարաբաղի համար դիտորդական առաքելության հնարավորինս շուտ ձևավորման օգտին. Միլլեր

Միացյալ Նահանգները հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի համար միջազգային դիտորդական առաքելության հնարավորինս շուտ ձևավորման օգտին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կհաստատեմ, որ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, ընդհանուր առմամբ, մենք կարևոր ենք համարում հրադադարի ռեժիմի պահպանումը, հումանիտար կարիքների բավարարումը, ինչպես նաև անկախ միջազգային առաքելության հնարավորինս շուտ ստեղծումը, որը կապահովի թափանցիկություն և վստահություն կհաղորդի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Մեզ համար ստեղծված իրավիճակի հետ կապված աշխատանքում դա առաջնահերթություն է»:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է այդ առաջարկներն իրագործել օտարերկրյա դաշնակիցների ու գործընկերների հետ։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Վաշինգտոնն անկեղծ ջանքեր գործադրու՞մ է Լեռնային Ղարաբաղ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ՝ Միլլերն ասել է. «Մենք շատ լուրջ ենք խոսում միջազգային առաքելության մասին: Մենք աշխատում ենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ որոշելու լավագույն մեխանիզմն սա իրագործելու համար»:

Բացի այդ՝ Միլլերը նաեւ նշեց, որ, այնուամենայնիվ, դեռևս լուծված չեն այն հարցերը, թե «ինչ հովանու ներքո է այս առաքելությունը մեկնարկելու, ովքե՞ր են մասնակցելու» դրա աշխատանքներին, կոնկրետ ինչ մանդատ է լինելու։ Նա վստահեցրեց, որ այդ բոլոր հարցերն աժմ քննարկման փուլում են:

  • Կիսվել: