ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրեց պետքարտուղար Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև սեպտեմբերի 1-ին կայացած հեռախոսազրույցի մասին, որի ժամանակ Էնթոնի Բլինքենը կրկին ընդգծել է Միացյալ Նահանգների մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կրկնել պաշտոնական Վաշինգտոնի կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային նպատակներով ու մարդկանց տեղաշարժի համար:

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, ով նախագահում էր սեպտեմբերի 6-ի լսումները՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այն կարծիքին է, որ սոսկ մտահոգություն արտահայտելը բավարար չէ:

«Անհրաժեշտ են Ալիևին ուղղված ավելի կոշտ ու ուղիղ հայտարարություններ: Նրան մեղադրում են ցեղասպանության մեջ, ինչը չի կարող անհետևանք մնալ: Հետևանքների առումով վատագույն տարբերակը Ալիևի համար կլինի քրեական հետապնդումը: Չի՛ կարելի մարդկանց սովամահ անել: Նա օգտագործում է սնունդը և դեղորայքը որպես զենք»,- ընդգծել է կոնգրեսական Սմիթը՝ լսումներից հետո «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

Ըստ կոնգրեսականի, լսումներին մասնակցելու համար հրավեր էր ուղարկվել նաև ԱՄՆ պետքարտուղարությանը, որը, սակայն, մնացել է անպատասխան:

«Լումների ժամանակ դատարկ էր երկու աթոռ՝ ԱՄՆ պետքարտուղարության և USAID-ի: Խնդրել էի երկու գերատեսչություններին՝ ներկայացուցիչներ ուղարկել: Չնայած հեռախոսով և էլեկտրոնային փոստով բազմիցս հնչեցրած խնդրանքին՝ որևէ պատասխան կամ արձագանք այդպես էլ չեղավ»,- նշել է Սմիթը:

Կոնգրեսականը ընդգծել է՝ պաշտոնական Բաքվի կողմից 120 հազար հայերի շրջափակումը «ցեղասպանական հանցագործություն է, որն իրականացվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից»։ Նաև տեղեկացրեց՝ շուտով ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների ակտը, որը նպատակն է, որպեսզի ամերիկյան իշխանությունները «համարձակ և ճշգրիտ» բարձրաձայնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության մասին:

Լսումների բանախոսներն էին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենա Օկամպոն և Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ու խաղաղության ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը։ Երկուսն էլ Լաչինի միջանցքի արգելափակումն որակեցին որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության ցեղասպանություն: Իր ելույթում ընդգծելով, որ Լաչինի միջանցքի արգելափակումը և առաջին անհրաժեշտության ապրանքները տեղի բնակչության համար անհասանելի դարձնելը ցեղասպանության պայմանների ստեղծում է՝ Օկամպոն խոսեց ԱՄՆ պատասխանատվության մասին՝ Լեռնային Ղարաբաղում ցեղասպանությունը կանխելու հարցում:

«Նախագահ Բայդենը կամ պետքարտուղար Բլինքենը կարող են պաշտոնապես դիմել պարոն Ալիևին, որպեսզի նա վաղը անմիջապես վերացնի Լաչինի միջանցքի արգելափակումը, այլապես իրեն կարող են պատասխանատու համարել ցեղասպանության համար»,- հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը:

Օկամպոյի խոսքով, Վաշինգտոնը չպետք է ներգրավվի բանակցություններում, քանի դեռ «Ալիևն օգտագործում է ցեղասպանությունը որպես բանակցային մեթոդ», քանի որ այդ պարագայում Միացյալ Նահանգները կարող է դիտարկվել որպես «մեղսակից»:

«Դադարեցրե՛ք ժխտողականությունը, ճանաչե՛ք [ցեղասպանություն իրականացնելու մտադրությունը] և պաշտպանեք Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի կյանքը»,- ընդգծել է Լուիս Մորենա Օկամպոն։

Իր հերթին՝ վերլուծաբան Դեյվիդ Ֆիլիփսի ներկայացմամբ, Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար:

«Ալիևների ընտանիքի կոռումպացվածության մակարդակը լավ փաստագրված է։ Ցեղասպանության համար պատասխանատու պաշտոնյաների և կոռումպացված ղեկավարության [բանկային] հաշիվների և ֆինանսական կարողությունների սառեցումն ավելի արդյունավետ կլինի»,- ասել է Ֆիլիփսը:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ն այս հարցում կարող է ապավինել ոչ թե միջազգային ատյանների, այլ սեփական օրենսդրությանը:

«Ունենք ազգային օրենսդրություն, որը մեզ տալիս է ցեղասպանության [մեջ մեղադրվող] հանցագործներին հետապնդելու գործիքակազմ։ Օրինակ է Մագնիտսկու ակտը կամ Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը: Ինչու՞ չենք տեսնում, որ մեր ղեկավարները բարձրաձայնեն ԱՄՆ օրենսդրության կիրառման մասին»,- նշել է Դեյվիդ Ֆիլիփսը:

Բանախոսները ընդծեցին՝ անհրաժեշտ է գործել հնարավորինս արագ: Լսումների ավարտին կոնգրեսական Սմիթը ամփոփելով լսումները՝ ևս կարևորեց արագ գործելու անհրաժեշտությունը: «Ուշացումը հավասարազոր է ժխտման»,- Օկամպոյի խոսքերը կրկնեց կոնգրեսականը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղում սովամահություն տանող գործընթացը առաջ է գնում «սարսափելի արագությամբ», և ուշացումը կհանգեցնի նոր զոհերի:

  • Կիսվել: