երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն ու այնտեղ անցկացված նախագահի ընտրությունների արդյունքները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղն ու այնտեղ անցկացված նախագահի ընտրությունների արդյունքները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ի պատասխան լրագրողի հարցին անդրադաձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ու Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին:

Խոսնակն ընդգծել է, որ «թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացում», սակայն Վաշինգտոնը, ինչպես նախկինում էլ, «չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չի ճանաչում այստեղ վերջերս անցած, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները»։ Իր խոսքում Միլերն ասել է.

«Կարծում եմ, եթե ցանկանում եք խոսել գերատեսչության [պետքարտուղարության] կողմից ցուցաբերած հրատապության մասին, ապա պետք է նայել ոչ միայն այն հեռախոսազրույցին, որն այն ժամանակ [սեպտեմբերի 1-ին] ունեցել է պետքարտուղարը [Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ], այլ այն, որ պետքարտուղարը շաբաթվա վերջին զրուցել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ, երբ նա ճանապարհորդում էր: Մեկ զանգ կատարվել է Նյու Դելիից, մեկ զանգ՝ Հանոյից։ Կարծում եմ, որ ես ուղղակիորեն կխոսեմ իրավիճակի մասին, քանի որ դա մի բան է, որին պետքարտուղարն անձամբ ներգրավված է եղել, երբ նա միջազգային ճանապարհորդության մեջ էր, և, իհարկե, ներգրավված է եղել պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմը և այլք»,- նշել է Միլերը ի պատասխան լրագրողի հարցման, թե ինչու է պետքարտուղարությունը միայն օրեր անց հրապարակել սեպտեմբերի 1-ին Ալիևի հետ ունեցած պետքարտուղարի զրույցը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ խոսնակն ընդգծել է. «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակով։ Մենք կրկնում ենք մեր կոչը, ինչպես որ պետքարտուղարն է ասել շաբաթվա վերջին իր արած հայտարարության մեջ, անհապաղ և միաժամանակ բացել Լաչինի և Աղդամի ճանապարհները՝ թույլ տալու համար ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական պաշարների մատակարարումը տղամարդկանց, կանանց և երեխաներին Լեռնային Ղարաբաղում: Մենք հորդորում ենք առաջնորդներին, ինչպես որ դա արել է պետքարտուղարը իր կոչերում, չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք լարվածություն են առաջացնում կամ շեղում այդ նպատակից:

Միլերը հավելել է. «Մենք մշտապես շեշտել ենք Լեռնային Ղարաբաղում ճանապարհների բացման և կողմերի միջև երկխոսության անհրաժեշտությունը։ Թեև կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղն ունենա վստահելի ներկայացուցիչներ այս գործընթացում, սակայն ինչպես նախկինում ենք ասել, մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, և հետևաբար չենք ճանաչում վերջին օրերին այստեղ անցած, այսպես կոչված, նախագահական ընտրությունների արդյունքները»,- պնդել է Միլերը

Պետքարտուղարության խոսնակը նաև նշել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ չլուծված խնդիրները ուղիղ երկխոսության միջոցով լուծելու համար: Եվ դա է պատճառը, որ պետքարտուղար Բլինքենը և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն հետևողականորեն ներգրավված են եղել, և կլինեն այս հարցում»,- ասել է Մեթյու Միլերը:

Հարցուպատասխանի ընթացքում պետքրատուղարության խոսնակը կրկին ընդգծել է. «Ես պարզապես հստակ ասացի, որ մենք ցանկանում ենք, որ երկու ճանապարհները վերաբացվեն՝ անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնելու Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար: Պետքարտուղարը դա պարզ է նշել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարներին այս օրերին, ինչպես նաև պետքարտուղարության և Միացյալ Նահանգների կառավարության այլ ներկայացուցիչները»,- եզրափակել է Միլերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: