կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ամենակարևոր ուղղություններն են անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքների գործունեության ապահովումը. Ռուբեն Վարդանյան

Ամենակարևոր ուղղություններն են անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքների գործունեության ապահովումը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության ուղղությունների ու իրականացվող քայլերի ներկայացման նպատակով, հայտնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշելով, որ շտաբի հիմնական գործունեությունն ուղղված է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը՝ Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների միջև փոխգործակցված և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը:

«Ամենակարևոր ուղղություններն են անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքների գործունեության ապահովումը: Օպերատիվ շտաբում ընդգրկված են ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն: Կա ստեղծված բարդ իրավիճակ, և բոլորս, բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն՝ կազմակերպված աշխատանքի և իրավիճակից ելքեր գտնելու համար»,-ընդգծել է պետնախարարը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել է օպերատիվ շտաբի կողմից մշակված՝ վառելիքի տրամադրման կարգը: Վառելիքն առաջնահերթ տրամադրվելու է հանրային նշանակության և հատուկ ծառայություններին, ինչպես նաև կենսական կարևորության օբյեկտներին: Կարգով նախատեսված աշխատանքների ապահովումն իրականացնելու է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բնակչությանը հուզող խնդիրներին արագ արձագանքելու և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցերին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: