երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար. Նիկոլ Փաշինյան

Ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար. Նիկոլ Փաշինյան

Հումանիտար իրադրությունը ԼՂ-ում շարունակում է սրվել. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է ի հեճուկս արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացված միջանկյալ որոշման: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխվորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների  երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական  ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:

Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ոչ քաղաքացիներ, ոչ տրանսպորտային միջոցներ,  ոչ բեռներ: Ավելին,  արգելվել են նաեւ Կարմիր խաչի մեքենաների երթեւեկությունը:  Սրանք կարեւոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում եւ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը եւ դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է  ու խնդրին պետք է մոտնեալ այս տրամաբանությամբ։ Կարեւոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարումը բերել է հումանիտար ճգնաժամի»,- հայտարարեց վարչապետը։

Նա հավելեց, որ որ ամեն ինչ արվում է՝ հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար. հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ Հայաստանն ահազանգում է։

 

  • Կիսվել: