հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ տարածքում մայիսի կեսերից սկսած օձի հայտնաբերման վերաբերյալ կանչերն ավելացել են. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ տարածքում մայիսի կեսերից սկսած օձի հայտնաբերման վերաբերյալ կանչերն ավելացել են. Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ

Հանրապետության տարածքում մայիսի կեսերից սկսած, օձի հայտնաբերման վերաբերյալ կանչերն ավելացել են: Սողուններին նկատել են բնակելի տների ներսում, բակում, ավտոմեքենաների խցիկում, նաև՝ բաց տարածքներում: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

՛՛Ժամանակին փրկարար ծառայություն ահազանգելու և փրկարարների կողմից արագ արձագանքման ու համապատասխան գործողություններ իրականացնելու շնորհիվ, հաջողվել է խուսափել դժբախտ ելքով դեպքերից:

Եղանակի տաքացման հետ պայմանավորված, նկատվում է սողունների ակտիվություն: Օձերը սկսում են տեղաշարժվել և փնտրելով թաքստոցներ, հաճախ մտնում են բնակելի տարածքներ:

Շոգ եղանակային պայմաններում նրանց կարելի է հանդիպել նաև աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում:

Հաճախ, օրվա շոգ ժամերին, օձերը թաքնվում են թփերի, քարերի տակ, ժայռերի արանքում:

Արշավականը կամ հողագործ գյուղացին չի նկատում և քայլելիս ոտքը դնում է օձի կողքին: Այս պարագայում խայթոցը օձի բնական արձագանքն է:

Հիմնականում օձերը զգուշացնում են իրենց ներկայության մասին՝ հանելով բնորոշ ֆշշոցը: Մասնագետները խորհուրդ են տալիս օձին տեսնելուց շատ դանդաղ հետդարձ կատարել, օձը ինքն է փախչում մարդուն տեսնելուց:

Օձերին բնակելի տներում գրավում են տնային կենդանիները, թռչունները: Նրանց համար կեր կարող է լինել նաև հավի ձուն։ Այսինքն՝ օձը նաև սնվելու նպատակով է բնակելի տարածք ներս մտնում։

Մասնագետները օձի խայթոցից խուսափելու համար հորդորում են հետևել մի քանի պարզ կանոնների

• Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ՝ թփերը հրելու համար:

• Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:

• Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքը վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որ քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված:
Տուժածին պետք է, որքան հնարավոր է շատ ջուր տալ, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

• Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը:

• Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Սողունին հանդիպելիս ինքնուրույն քայլեր մի ձեռնարկեք, զանգեք 911 հեռախոսահամարին և փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով օձին կտեղափոխեն անվտանգ տարածք՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: