երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ շրջափակման մասին միջազգային մեդիա արշավը շարունակվում է. ստորագրահավաքին միացել են 61 երկրներից

ԱՀ շրջափակման մասին միջազգային մեդիա արշավը շարունակվում է. ստորագրահավաքին միացել են 61 երկրներից

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։ Նրանց օգնությամբ հումանիտար բեռներ էին տեղափոխվում Արցախ, և ծանր հիվանդները տեղափոխվում էին ՀՀ բժշկական կենտրոններ։ Սակայն հունիսի 15-ից Ադրբեջանը տոտալ բլոկադայի անցավ։ Հակարի կամրջի վրա բետոնե պատնեշ  կառուցելը արգելափակեց նաև խաղաղապահների ու Կարմիր խաչի մուտքը Արցախ։ Ստեղված պայմաններում իրավիճակն օրեցօր ավելի է բարդանում։

Պատճառներից մեկը նաև այն է, որ հարցը միջազգային մամուլում բավականին քիչ է լուսաբանվել։

Unblock Humanity նախաձեռնությունն արդեն 2 ամսից ավել է՝ լրացնում է այս բացը՝ իրականացնելով միջազգային մեդիա արշավ շրջափակման մասին․ սոցիալական հարթակներում գովազդային արշավ, կապ միջազգային լրագրողների և ազդեցիկ գործիչների հետ, ակտիվ համագործակցություն Սփյուռքի հայության հետ։ Այս ամենի շրջանակներում ստեղծվել է հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով։  Այն մարդկանց ուղղորդում է unblockhumanity.com կայք, որտեղ նրանք ստանալու են հատուկ գործողության կոչեր։ Այս պահին ուղարկվում է նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. արդեն իսկ նամակների թիվը անցել է 3,000-ից:

«Unblock Humanity նախաձեռնությունը կոչ է՝ ուղղված ամբողջ մարդկությանը։ Արցախի շրջափակումը միայն հայության խնդիրը չէ, այլ ամբողջ ժողովրդավար մարդկության։ Իսկ աշխարհի բազմաթիվ երկրներում մարդիկ շարունակում են մնալ անտեղյակ այս աղետի մասին։ Չնայած դրան՝ կան դրական միտումներ։ Նախաձեռնության շրջանակներում իրականացվող ստորագրահավաքին միացել են մարդիկ աշխարհի 61 երկրներից» , - նշում է նախաձեռնության համակարգողներից Աիդա Ջանջուղազյանը։

Նախաձեռնությունը լուսաբանելու և ընդհանուր գործին աջակցելու համար կարող եք մուտք գործել կայք՝ https://unblockhumanity.com/, միանալ ստորագրահավաքին, ինչպես նաև տարածել հոլովակը՝ ավելի շատ մարդկանց խնդրի մասին իրազեկելու նպատակով։

Հարցերի դեպքում կարող եք գրել նախաձեռնության էլ․ հասցեին [email protected]։

  • Կիսվել: