երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱՀ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ ոստիկանության պետին և պատվիրակության մյուս անդամներին (տեսանյութ)

ԱՀ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ ոստիկանության պետին և պատվիրակության մյուս անդամներին (տեսանյութ)

Այսօր օգոստոսի 28-ին ՀՀ ոստիկանության պետ,գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն։

Ինչպես հաղորդում են ԱՀ  ոստիկանությունից, հայկական երկու պետությունների ոստիկանության ղեկավարությունը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի անկախության և իրավակարգի պահպանության համար նահատակված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշաքարին:
Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Արցախի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը։ Ողջունելով ներկաներին` նա նշել է, որ Արցախի և Հայաստանի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը միշտ եղել է արգասաբեր և բարձր մակարդակի վրա, իսկ 2020թ.հուլիսի 24-ին ստորագրած հուշագրով այն խոստանում է լինել առավել ամուր, կայուն և արդյունավետ։
 
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար վստահեցնելով, որ առկա սերտ համագործակցությունը տեսանելի է և կլինի շարունակական։
 
Այնուհետև տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
 
Արցախի հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու համար ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին պարգևատրել է « FABARM» մոդելի ողորկափող որսորդական երկփողանի հրազենով։
ԱՀ ոստիկանության պետի հրամանով ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու, երկարամյա ու անբասիր ծառայության համար ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մովսիսյանը պարգևատրվել են « Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող » կրծքանշանով։
ՀՀ ոստիկանության պատվիրակության մյուս անդամները ԱՀ ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար » և« Օրենքի պատվար» մեդալներով։
 
 
 

  • Կիսվել: