ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

ԱՀ ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է հրավիրել դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման օրակարգով

Մարտի 30-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը հրավիրել  էր ավագ խորհրդակցություն, որին մասնակցում էին հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, հանրակրթական հաստատությունների տնօրեններ, ԱՀ ՆԳՆ ոստիկանության  Ստեփանակերտի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Բորիս Ջալավյանը, անչափահասների գործերով ոստիկանության տեսուչներ, ԱՀ ոստիկանության ներկայացուցիչներ, ԱՀ հանրային խորհրդի ներկայացուցիչներ և ՀԱՍԵ Արցախի թեմի հոգևոր հայրեր։  

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից` հավելելով, որ խորհրդակցության օրակարգում հանրակրթական դպրոցներում կարգապահության պատշաճ կազմակերպման  հարցն էր։

«Խորհրդակցության թեմայի ընտրությունը պատահական չէ։ Այն բավականին հրատապ է և արդիական։  Պետք է փորձենք լիարժեք բացահայտել ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխհարաբերությունների տիրույթում առկա վիճակը՝ կարգապահության տեսանկյունից։ Անհրաժեշտ է գործող մեխանիզմներ ներդնել աշակերտների շրջանում կարգապահության մակարդակի կտրուկ բարձրացման ուղղությամբ, մշակել ներազդման այնպիսի լծակներ, որոնք ի սպառ կբացառեն առանձին դպրոցականների անթույլատրելի վարքագիծը։ Անհերքելի ճշմարտություն է՝ բարձր կարգապահությամբ դասարանում և դպրոցում առաջադիմությունն ավելի բարձր է, քանի որ առկա է գիտակցված վերաբերմունք պարտականությունների հանդեպ»,- նշեց Նորայր Մկրտչյանը։

Խորհրդակցության ընթացքում ՆԳՆ Ստեփանակերտի ոստիկանության վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Հարություն Սահակյանը և  Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Թերեզա Ղարախանյանը ներկայացրին մայրաքաղաքի դպրոցներում սովորող աշակերտների կարգապահության վերաբերյալ վերլուծություն։

Կարևորելով ուսուցչի դերը առողջ հասարակության ձևավորման ու կայացման  գործում՝ Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի պատասխանատու Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն իր խոսքում նշեց․ «Հանրակրթությունը ուսումնական այն ընթացքն է, որը պայմանավորում է անհատի կայացումը։ Հասարակության առողջ հիմքը դրվում է դպրոցում։ Հետևաբար, ուսուցչի առաջնային նպատակը պետք է լինի ոչ միայն գիտելիքների փոխանցումը, այլ նաև բարեկիրթ սերունդ դաստիարակելը։ Այդ գործընթացում մեծ դեր ունի կարգապահությունը։ Իսկ դրան հասնելու լավագույն միջոցը համոզման և նպատակը նախանշելու մեխանիզմն է»։

Քննարկվող թեմայի շուրջ մասնակիցներն  արտահայտեցին  կարծիքներ, հնչեցրին առաջարկություններ, որոնց սեղմ ժամկետում կտրվեն իրավական ձևակերպումներ և կյանքի կկոչվեն։

Նման ձևաչափով խորհրդակցություններ առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրապետության շրջաններում։

  • Կիսվել: