հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՀ ԿԳՄ նախարարը հանդիպել է Մատենադարանի տնօրենի հետ

ԱՀ ԿԳՄ նախարարը հանդիպել է Մատենադարանի տնօրենի հետ

ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հանդիպել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:
 
Հանդիպմանը խոսվել է մայր Մատենադարանի գանձասարյան մասնաճյուղի դերի և նշանակության, մի շարք ծրագրերի մասին, որոնք պիտի իրականացվեն առաջիկայում: Քննարկվել են նաև այն ծրագրերը, որոնք անցած ամռանը կամ աշնանը պիտի իրականացվեին, բայց հայտնի պատճառներով հետաձգվել են:

Երկուստեք կարևորվել են կադրերի վերապատրաստման, նոր կադրերի պատրաստման, նոր ցուցադրությունների, տեղական կամ միջազգային նոր գիտաժողովների կազմակերպման հարցերը, ընդհանրապես հեռանկարային այնպիսի պլաններ, որոնք շատ-շատ են:

Վահան Տեր-Ղևոնդյանն ասել է, որ նախարար նշանակվելուց հետո սա Լ. Ղարախանյանի հետ իր առաջին հանդիպումն է, որը կարևոր է նաև համավարակի անցած ամիսների հարկադիր մեկուսացումից հետո: Նա համոզմունք է հայտնել, որ Արցախի համալսարանների, տեղի գիտակրթական կենտրոնների հետ համագործակցությունն անպայման սպասված արդյունքները կտա:
 
«Այս առումով նախարարության դերը շատ մեծ է: Ուրախ ենք, որ նախարար Լուսինե Ղարախանյանը շատ պատրաստակամ է բոլոր ծրագրերի իրականացման գործում մեզ աջակցելու հարցում»,- նշել է Վ. Տեր-Ղևոնդյանը:

Նախարարն ընդգծել է, որ Մատենադարանի արցախյան մասնաճյուղի գործունեությունն ակտուալացնելը մնում է օրակարգում:

«Մատենադարանը կշարունակի թանգարանային գործառույթը՝ այն դարձնելով գիտահետազոտական, գիտակրթական կենտրոն, որտեղ կյանքի են կոչվելու գիտական աշխատությունների ու գրքերի շնորհանդեսներ, և Գանձասարի մասնաճյուղը դառնալու է հոգևոր, մտավոր, գիտական հզոր առաջնորդարան»,- հավաստել է նախարարը:

Լ. Ղարախանյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ավելի մանրամասն են քննարկելու ծրագրերը և աշխատանքներ են տանելու կադրերի պատրաստման ուղղությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի միջազգային կապերի բաժնի վարիչ, «Մաշտոց» հիմնադրամի տնօրեն Վարդի Քեշիշյանը, Գանձասար մասնաճյուղի տնօրեն Արամ Թորոսյանը և ԱՀ ԿԳՄ նախարարի տեղակալ Դիմա Առստամյանը: Պատվիրակությանն ընդունել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
 

  • Կիսվել: