ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ Գլխավոր դատախազը մեկնաբանել է ՀՀ քաղաքական իշխանությունների հետ ենթադրյալ առնչության մասին լուրերը

ԱՀ Գլխավոր դատախազը մեկնաբանել է ՀՀ քաղաքական իշխանությունների հետ ենթադրյալ առնչության մասին լուրերը

Շրջանառվող լուրերը կոնկրետ պատվիրատուներ ու նախաձեռնողներ ունեն,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փաթեթը Արցախի Հանրապետության ԱԺ ներկայացվելուց հետո կարծիքներ հնչեցին, որ իրականում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է կանգնած այդ բարեփոխումների հետեւում ու փորձում է ուղիներ փնտրել Արցախում վերարտադրվելու համար։ Որոշակի շրջանակների կողմից շրջանառության մեջ դրվեցին նաեւ անուններ, որոնք, իբր, առնչվում են Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց թվում նշվել է նաեւ Արցախի գլխավոր դատախազի անունը։
 
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գ. Ներսիսյանը նախ նշել է, որ դեմ է սահմանադրական բարեփոխումներին՝փաստելով, որ դրանց հրապարակայնորեն դեմ է արտահայտվել ինչպես 2022թ․ նոյեմբերին, այնպես էլ դեմ է հիմա։ Ապա նաեւ հերքել՝ իր որեւէ առնչությունը՝ Հայաստանի քաղաքական իշխանության հետ՝ նշելով, որ նման լուրերն ունեն կոնկրետ պատվիրատուներ։
 
«Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել եմ 2021թ. փետրվարի 12-ից: Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ շփվելու գործնական հնարավորություն ունեցել եմ դրանից հետո և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազից, իրավապահ մարմինների մյուս ներկայացուցիչներից ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պաշտոնատար անձանցից բացի որևէ մեկի հետ երբևէ որևէ շփում կամ նույնիսկ հանդիպում չեմ ունեցել, առավել ևս գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Սա ոչ թե արդարացում կամ հերքում է, այլ ընդամենը իրականության ներկայացում:
 
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, ապա հասկանալի է, որ դրանք կոնկրետ պատվիրատուներ ու նախաձեռնողներ ունեն: Երբ սկսեցին լուրեր տարածվել, որ գլխավոր դատախազը կարող է նշանակվել պետական նախարար, այդ պահից սկսած մարդիկ բան ու գործ թողած անցան կեղծ տեղեկությունների տարածմանը: Ես գիտեի, որ Արցախի կառավարման համակարգի համար Արցախի Հանրապետության դատախազությունն ու գլխավոր դատախազը լուրջ գլխացավանք են, բայց որ ոմանք մինչև անգամ սարսափում են, դա չէի պատկերացրել»,- նշել է Արցախի գլխավոր դատախազը:

  • Կիսվել: