երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՀ առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել

ԱՀ առանձին շրջաններից տեղահանվածների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։
 
Ըստ այդմ`  ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը (հղումը՝ https://bit.ly/37WXffK ),
 
հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը,
 
նվազեցվել է պահանջվող կանխավճարի չափը՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս, իսկ առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև բացառապես կենսաթոշակային տարիքի շահառուներից կազմված ընտանիքների համար՝ 1 տոկոս,
 
ուժը կորցրած է ճանաչվել այն պայմանը, համաձայն որի՝ շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի,
 
սահմանվել են արտոնություններ այն ընտանիքների համար, ովքեր հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։ Այս դեպքում աջակցության չափը կկազմի 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն,
 
հստակեցվում է, որ ծնողների հետ միևնույն հասցեում բնակված՝ ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը որպես առանձին շահառու կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այդ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանել է մեկ այլ բնակելի անշարժ գույք Արցախի Հանրապետության այն շրջանում, որտեղ բնակվել է այդ ընտանիքը։
 
15.06.2023թ. դրությամբ՝ ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3612 շահառու, որից շուրջ 805 ընտանիքն արդեն իսկ ավարտել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։
 
Առավել մանրամասն՝ https://shorturl.at/ehOPR
 
 
 
 

  • Կիսվել: