ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ագրոճամբարի ծրագիր՝ շրջափակված Արցախում

Ագրոճամբարի ծրագիր՝ շրջափակված Արցախում

Չնայած ծանր շրջափակմանը և դժվարին իրավիճակին՝ Արցախում իրականացվում է ամառային ուսումնական ագրոճամբարի ծրագիր, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը: Ծրագիրն իրականացնում է Climate Uturn-ը: Այս մասին հայտնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալության լրատվական բաժնից։

Հունիսի 12-ից մեկնարկած ագրոճամբարին արդեն շուրջ 50 երեխա է մասնակցել Շոշից, Մխիթարաշենից, Մարտակերտից և Նորագյուղից: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է ծրագիրն իրականացնել նաև Ճարտարում և Ծովատեղում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է ներգրավել 13-17 տարեկան շուրջ 150 երեխա Ստեփանակերտից և Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններից: Ծրագիրը կշարունակիվի մինչև ամառվա վերջ: 

Ագրոճամբարի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի սեփական հողատարածքի մի հատվածում կատարվում են հողի վերականգնման աշխատանքներ, տնկվում են սեզոնային սերմեր, ինչպես նաև մասնակիցները ստանում են գիտելիքներ վերականգնողական գյուղատնտեսության վերաբերյալ: Եթե երեխաները ցանկանում են մշակել իրենց սեփական գյուղատնտեսական նախագիծը, հնարավորություն է ստեղծվում նաև նախագծերի կառավարման հմտությունները զարգացնելու համար: Ճամբարի շրջանակներում երեխաները սովորում են, թե ինչպես կարելի է պայքարել մոլախոտերի դեմ, ինչպես են չոր խոտն ու տերևները օգնում խնայել ջուրը գյուղատնտեսությունում, ինչպես ստանալ առավելագույն բերք՝ ունենալով քիչ հողատարածք, ինչպես կատարել աշխատանքներ հողի հետ էլեկտրականության բացակայության պայմաններում, ինչ է հարկավոր առողջ հող ունենալու համար, ինչպես կարելի է ստանալ մաքուր բերք առանց քիմիկատների, ինչպես ճիշտ պահպանել ստացված բերքը։

Գործակալության հաղորդմամբ՝ ծրագիրը կշարունակվի մինչև ամառվա վերջ, մասնակցության համար կարելի է գրանցվել հետևյալ կայքի միջոցով՝ https://climateuturn.am/agrocamp:

Ագրոճամբարի ծրագիրն անցկացվում է Արցախի շարունակական զարգացման «Ուսուցողական գեղագիտակ» ամառային փառատոնի շրջանակներում, որն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։

Փառատոնը կազմակերպվում է ամառային ուսումնական ճամբարների սկզբունքով, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է կրթական առաջնահերթություններից մեկին: 

««Մենք ենք մեր սարերը» գործակալությունը և նրա համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը մեծապես կարևորում են կրթական ծրագրերը: Մենք երկար էինք մտածում, թե ինչպես կազմակերպենք ամառային զարգացման ծրագրերը նման պայմաններում: Ամառային զարգացման փառատոնը նորություն է Արցախի համար, և պետք է ասեմ, որ այս նորարարությունը մեծ ոգևորությամբ է ընդունվում: Մենք փորձել են ընդգրկել կրթական առաջնահերթությունների ողջ շրջանակը՝ սպորտային-մարտավարական մարզումներից մինչև առաջնորդության զարգացում: Շարունակելով զարգանալ և ուժեղանալ՝ մենք ուղերձ ենք հղում ողջ աշխարհին, որ կարելի է ֆիզիկական շրջափակում մտցնել, բայց անհնար է մեզ ստիպել դադարել սովորել: Մենք առաջիկայում ևս շարունակելու ենք շեշտը դնել թիմային կարողությունների զարգացման, տեղական և գլոբալ փոփոխությունների նկատմամբ դիմադրողականության ամրապնդման, համաշխարհային զարգացումներից անմասն չմնալու և համայնքների ինքնաբավության ապահովման վրա», - նշում է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կրթական նախաձեռնությունների ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը ձեռնարկում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման նախագծեր՝ համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը հիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները։

  • Կիսվել: