ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Աղդամի և Լաչինի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների զուգահեռ անցում է իրականացվել

Աղդամի և Լաչինի ճանապարհներով ԿԽՄԿ բեռների զուգահեռ անցում է իրականացվել

Այսօր առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարների միաժամանակյա անցում է կազմակերպվել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհներով։ Այս մասին Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այսօր ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը Ադրբեջանի Աղդամ-Խանքենդի (Ակնա - Ստեփանակերտ- Խմբ,) և Լաչին-Խանքենդի (Բերձոր - Ստեփանակերտ- Խմբ․) ճանապարհներով։

Աղդամ-Ասկարան-Խանքենդի (Ակնա - Ասկերան - Ստեփանակերտ -խմբ․) ճանապարհը բաց է և գործում, և այդպես էլ պետք է մնա», - գրել է Հաջիևը։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Աղդամի ճանապարհով Արցախ են ուղևորվել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեկ բեռնատար և երկու մարդատար ավտոմեքենաներ։ Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։

Հիշեցնենք՝ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխումը։ 

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն իր հերթին հայտարարել էր, թե Բաքուն պատրաստ է ապահովել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը։

  • Կիսվել: