չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանը շարունակում է օգտագործել Արցախի ենթակառուցվածքային խոցելիությունը խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛Հունվարի 17-ին՝ ժամը 13:00֊ին, ադրբեջանական կողմը կրկին դիտավորյալ խափանել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ եկող միակ գազատարի աշխատանքները։ Ձմեռվա ցուրտ եղանակային պայմաններում Արցախի 120 000 բնակչությունը զրկված է ջեռուցումից և տաք ջրի հնարավորությունից։ Այս իրավիճակը խորացանում է հումանիտար ճգնաժամային իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ արդեն 37 օր տևող շրջափակման հետևանքով։

Ստեղծված իրավիճակը հանգեցնում է մարդու կենսական իրավունքների լայնածավալ ու համատարած խախտումների։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող համակարգային հանցագործությունները, Արցախի ամբողջական շրջափակումը, ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները և այլ հանցավոր գործողությունները Արցախը էթնիկ զտման ենթարկելու և Արցախի հայությանը ցեղասպանելու ադրբեջանական նկրտումների անհերքելի ապացույցներ են՛՛,-նշել է նա:

Նշենք, որ քիչ առաջ վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին:

«Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: