շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանում Արցախի ճակատագիրը կլինի ճնշումներով, ազատությունների սահմանափակումով․ Քերոլայն Քոքսը

Ադրբեջանում Արցախի ճակատագիրը կլինի ճնշումներով, ազատությունների սահմանափակումով․ Քերոլայն Քոքսը

Առանց հայկական Արցախի Հայաստանի գոյության վտանգն ավելի կմեծանա, քան այսօր։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Հայտնի է, որ Ալիեւների ընտանիքի վարչակարգը մարդու իրավունքների խախտման տխրահռչակ պատմություն ունի, այդ թվում ՝ հենց Ադրբեջանի բնակչության նկատմամբ։ Նրանք իրականացնում են լայնածավալ ճնշումներ մարդկանց նկատմամբ՝ զրկելով նրանց ազատությունից, իրականացնում են անօրինական միջամտություն, այդ թվում՝ անձնական կյանքին, սահմանափակում են խոսքի ազատությունը եւ խաղաղ հավաքների իրավունքը:

Արցախահայությունը ստիպված է լինելու իր կամքին հակառակ ավտորիտար կառավարման հանձնել իր ժողովրդավարական ազատությունները, ստիպված է լինելու զիջել իր հողի նկատմամբ վերահսկողությունը եւ իր ազատությունը»,-ասաց նա։

Հայ ժողովրդի համար այս վճռորոշ  պահին Քոքսը հույս հայտնեց, որ ողջ աշխարհի հայերը կշարունակեն պայքարը հանուն Արցախի՝ որպես միասնության խորհրդանիշ:

«Ես եւ շատ ուրիշներ հավատում ենք, որ հայերը կկարողանան քաջությամբ, տոկունությամբ հաղթահարել ներկայիս տառապանքները, որպեսզի բազմաչարչար հայ ժողովուրդը շարունակի ապրել խաղաղ եւ արժանապատվորեն իր պատմական հողերում:

Ինձ հիասթափեցնում է այն ամենը, ինչ Մեծ Բրիտանիան չի անում Հայաստանին ու Արցախին աջակցելու եւ Հայաստանի ու Արցախի ժողովուրդների իրավունքները պաշտպանելու համար։ Ես այդ մասին անընդհատ խոսում եմ Լորդերի պալատում։ Ես կշարունակեմ այդ բոլոր հարցերը բարձրացնել Մեծ Բրիտանիայում»,-հավելեց բարոնուհին։

  • Կիսվել: