կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը. նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց օրինական պաշտպանության հնարավորությունը: Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի նախկին ղեկավարներին հիմա  ստիպում են հարցազրույց տալ։

«Հանցագործություն է նաև պատանդների օգտագործումը քարոզչական և զանգվածային նվաստացման նպատակով։

Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի ղեկավարների կալանավորումը ցեղասպանության վկայություն է, քանի որ դա ցույց է տալիս համայնքը ոչնչացնելու մտադրություն»,-նշել է Բեգլարյանը։

Նշենք, որ երեկ ադրբեջանական AZTV հեռուստաալիքը Բաքվի բանտում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության հետ հարցազրույցների անոնսների շարք հրապարակեց։

Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին լրագրողը մասնավորապես հարցրել է՝ արդյոք նա կպատկերացնե՞ր, որ «հատուկ օպերացիան» ընդամենը մեկ օր կտևեր։

Ըստ InfoPort.am-ի տեղեկությունների՝ Արայիկ Հարությունյանին մասնավորապես հարցեր են ուղղել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի գործողությունների մասին (պատերազմի ժամանակ Հարությունյանը հանրայնորեն դրա պատասխանատվությունը վերցրել էր իր վրա), ինչպես նաև խաղաղության պայմանագրի մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: