երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ադրբեջանի օրակարգը ինտեգրացիան է, իսկ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի օրակարգը. Մարուքյան (տեսանյութ)

Ադրբեջանի օրակարգը ինտեգրացիան է, իսկ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի օրակարգը. Մարուքյան (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան Բաքվի հետ բանակցություններին: Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է երկխոսություն Բաքվի հետ՝ հաշվի առնելով այն, որ Բաքվի քայլերը իրավունքների պաշտպանության հետ բացարձակ առնչություն չունեն:

«Երկխոսության բանաձեւը միջազգային մեխանիզմն է, որը ինքնին արդեն երաշխիք կլինի: Ադրբեջանի օրակարգը ինտեգրացիան է, իսկ ո՞րն է Լեռնային Ղարաբաղի օրակարգը. Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է խոսեն իրավունքից, պետք է տեսլականը պատրաստեն եւ ներկայանան այդ բանակցություններին: Ադրբեջանը միշտ էլ ունեցել է իր օրակարգը, եւ մենք մեր օրակարգով ենք առաջ շարժվել»,- նշել է նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ակնկալիքներին՝ Մարուքյանն ասել է. «Ակնկալիքն այն է, որ Հայաստանի պահանջը բավարարվի, եւ համապատասխան որոշումներ ընդունվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից՝ Լեռնային Ղարաբաղը բլոկադայից հանելու եւ Ադրբեջանի միջազգային պարտավորությունները կատարելու համատեքստում: Մանրամասն աշխատանք է տարված, շուրջ 4 ամիս աշխատանք է տարվել, բայց ոչ ոք չի կարող ասել, թե հիմա մենք ինչ դասավորություն կունենանք ՄԱԿ-ի ԱԽ-ում»:

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտարարված ցանկացած փաստաթուղթ կարող է անցանկալի լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններ են անում, Մարուքյանն արձագանքեց. «Հայաստանը երկկողմ մակարդակում որեւէ փաստաթուղթ չունի Ադրբեջանի հետ ստորագրած: Խոսքը գնում է փոխադարձ ճանաչմանը, եւ քաղաքական մակարդակում եղել է երկուստեք պատրաստակամություն, որ երկրները պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու, սակայն Հայաստանը այդ հայտարարության հետ նաեւ ասել է, որ պետք է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը Ադրբեջանը երաշխավորի միջազգային մեխանիզմի ներքո, եւ երկխոսություն սկսվի Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, այսինքն՝ սա փաթեթ է, եւ պետք չէ դրանից կտրել: Եթե Ադրբեջանը պետք է էթնիկ զտման ճանապարհը բռնի, ապա այդ փաթեթը խարխլվում է»:

  • Կիսվել: