շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի լեքսիկոնը կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին. Դեյվիդ Ֆիլիպս

Ադրբեջանի նախագահի լեքսիկոնը կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին. Դեյվիդ Ֆիլիպս

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա պաշտոնյաների կողմից օգտագործվող լեքսիկոնը կասկած չի հարուցում նրանց ցեղասպանական մտադրության մասին։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիպսը:

Նա նշել է, որ իրավապաշտպանները, միջազգային կառույցները, անկախ լրատվամիջոցները ահազանգ են հնչեցնում։

՛՛Առաջարկները, որ ես արել եմ հունիսին, այդ թվում՝ պատժամիջոցները, 907 ակտը, հումանիտար միջանցքի ակտը, Մագնիտսկու ակտը պետք է կիրառվեն։ ԱՄՆ-ն պարբերաբար կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, սակայն դրանց հաջորդել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու երեք հայերի զոհվելը՛՛,-ասել է Ֆիլիպսը  հավելել, որ պաշտոնյաների ու Ադրբեջանի կոռուպցիոն ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներն ավելի արդյունավետ կլինեն։

Ֆիլիպսը նաև հայտնել է, որ Արցախում Ադրբեջանի իրականացրած վայրագությունների հավաքագրման ծրագիր է իրականացնում, դա տեղեկություններ է պարունակում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության մասին։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմում, սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի ժամանակ իրագործած պատերազմական հանցագործություններին, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ հումանիտար իրավունքների խախտմանը և հայ զինծառայողների ապօրինի դատավարություններին։

Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին, ապա Ֆիլիպսն այն անվանել է ՛՛հայկական երկրորդ ցեղասպանություն՛՛:

  • Կիսվել: