ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր

Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից առևանգվելուց հետո, ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ առ այսօր կապ չի հաստատել:

Այս մասին«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Ծովինար Խաչատրյանը:

«Ամեն օր  մի քանի անգամ գնում ենք Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, իսկ քույրս՝ Երևանի՝ որևէ տեղեկություն իմանալու համար: Մեզ ասում են, որ ոչ մի տեղեկություն չունեն: Հայտնում են, որ  բանակցում են հորս տեսակցելու համար, բայց առայժմ անարդյունք»,-մանրամասնել է Ծ. Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել և տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան  արհեստական շնչառության սարք է միացվել:

Դստեր խոսքով՝ հայրը առողջական խնդիրներ ունի և մեկ անգամ ևս հորդորում է միջազգային կառույցներին արձագանքել իրենց խնդրանքներին և հորը օր առաջ վերադարձնել հայրենիք՝ կյանքը փրկելու համար:

Ի դեպ, Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Սաբինա Ալիևան անձամբ հանդիպել է Վագիֆ Խաչատրյանին: Ըստ հաղորդագրության՝ Խաչատրյանը իբր «երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը վերաբերմունքի, պահման պայմանների և ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորության համար»: Այնինչ, փաստորեն, ընտանիքն ընդհանրապես կապ չի ունեցել Խաչատրյանի հետ, ում նույնիսկ Կարմիր խաչը չի կարողացել այցելել հուլիսի 29-ից հետո:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: