շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողները վերադարձվել են։

"Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը վերադարձրել է օգոստոսի 28֊ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվելու ժամանակ առևանգված և ապօրինի ազատազրկված ուսանողներ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին։ 

Տղաների փոխանցումը հայկական կողմին տեղի է ունեցել ռուս խաղաղապահների մասնակցությամբ Հակարիի կամրջի մոտ։ Նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։

Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգման մանրամասների, Ադրբեջանի կողմից կամայական և ապօրինի ազատազրկման ընթացքում նրանց նկատմամբ վերաբերմունքի և առողջական իրավիճակի մասին Արցախի ՄԻՊ հաստատության կողմից կիրականացվի ուսումնասիրություն։

Քաղաքացիական անձանց՝ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի, Ալեն Սարգսյանի, Վահե Հովսեփյանի և Լևոն Գրիգորյանի առևանգումն ու կամայական ազատազրկումը, Ադրբեջանի կողմից կեղծ և շինծու քրեական գործերի հարցումը աներկբա փաստում են, որ Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։

Այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք, շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից",-նշված է հայտարարությունում։

Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի Հակարիի կամուրջի տեղամասում ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ՝ Ալեն Նելսոնի Սարգսյանին (ծնվ. 05.07.2001թ.), Լևոն Ժիրայրի Գրիգորյանին  (ծնվ. 17.05.2003թ.) և Վահե Ջանբուլաթի Հովսեփյանին (ծնվ. 12.06.2003թ.)։

 

«Վերջիններս ս.թ. օգոստոսի 28-ին ադրբեջանական սահմանապահների կողմից արգելանքի էին վերցվել ԼՂ-ից ՀՀ ուղևորվելիս»,- ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: