ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի իշխանությունները փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունն իրենց իրականացրած ահաբեկչական գործողությունից, նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի իշխանությունները փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունն իրենց իրականացրած ահաբեկչական գործողությունից, նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք:

Ադրբեջանի իշխանությունները նման ապատեղեկատվություն էին տարածում նաև Հայաստանից Արցախ այսպես կոչված ականների տեղափոխման մասին, սակայն փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը բարձր մակարդակով մերժեց այդ կեղծիքը։

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները նման կերպ փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողությունից, Արցախի ժողովրդի դեմ շարունակվող ահաբեկչական և էթնիկ զտման քաղաքականությունից, ինչպես նաև հող նախապատրաստել հնարավոր նոր սադրանքների համար՛՛։

  • Կիսվել: