կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե պատասխանատու են ճանապարհի փակման համար, սակայն սատարում են բողոքի ցույցերը. Human Rights Watch

Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե պատասխանատու են ճանապարհի փակման համար, սակայն սատարում են բողոքի ցույցերը. Human Rights Watch

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի պատկերը:

Հրապարակման մեջ նշվում է, որ  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով ԼՂ հայ ժողովուրդը դժվարին իրավիճակում է հայտնվել:

Ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղում ապրող 40-ամյա Արմինեն Human Rights Watch-ին պատմել է, որ վառելիքի բացակայության պատճառով ամուսինը կորցրել է տաքսու վարորդի աշխատանքը, և հիմա ինքն է ընտանիքի միակ կերակրողը: Իսկ 12 և 14-ամյա երեխաները միայն վերջերս են վերադարձել դպրոց, երբ փայտի վառարաններով սկսվել է դպրոցի ջեռուցումը: Սակայն որոշ դպրոցներ փակ են մնում ջեռուցման բացակայության պատճառով։ Սնունդը գնալով պակասում է, մատչելի չէ, քանի որ գները կտրուկ աճել են: Արմինեն պատմել է՝ անգամ սառը եղանակի պայմաններում երկու ժամ սպասել է՝ ձու գնելու համար:

Արմինեն իր օրը պլանավորում է՝ ըստ էլեկտրաէներգիայի անջատումների: Մի քանի ժամվա ընթացքում, երբ էլեկտրականություն կա, նա պետք է հասցնի ճաշ պատրաստել և տնային գործերով զբաղվել, տաքացնել երեխաների սենյակը և օգնել նրանց կատարել տնային աշխատանքները:

Human Rights Watch-ը շեշտել է` Արմինեի պատմությունը բացառություն չէ: Լաչինի միջանցքի արգելափակումը խաթարել է ԼՂ-ում ապրող հազարավոր հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը: Շատերը մնացել են Հայաստանում և չեն կարողանում վերադառնալ իրենց տներ:

Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են, թե պատասխանատու են ճանապարհի փակման համար, սակայն սատարում են բողոքի ցույցերը:

Լաչինի միջանցքի խափանումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, քանի որ շատ կարիքներ մնում են չբավարարված: Human Rights Watch-ի հրապարակումը կոնկրետ օրինակով է ներկայացնում ստեղծված ծանր իրավիճակը. Արմինեի հայրը քաղցկեղով հիվանդ է և պետք է գյուղից պարբերաբար հասնի Ստեփանակերտ, սակայն վառելիքի և տրանսպորտի բացակայության պատճառով բաց է թողել վերջին բժշկական այցելությունները:

«Ադրբեջանի իշխանությունները և ռուս խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Արմինեին և Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից՝ այդ թվում առողջության, առաջին անհրաժեշտության ծառայությունների և ապրանքների հասանելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքից»,-շեշտվում է հրապարակման մեջ:

  • Կիսվել: